փնտրել

արխիվ

բաժանդորդագրում

Փետրվարի 5-ի մամուլի տեսություն

Փետրվար 05, 2010

«Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է ԵԽԽՎ կայքում երեկ տեղադրված բանաձևի մի նոր նախագիծ, որն անվանել է «սենսացիոն»։ Ըստ այդ բանաձևի «ՀՀ իշխանությունները մեղադրվում են 2008 թ-ի մարտի 1-ին ՀՀ-ում լայնածավալ բռնություններով ու հետապնդումներով ուղեկցված ռազմական հեղաջրջում իրականացնելու մեջ» ։ Բանաձևը բաղկացած է 8 կետերից, որոնցից վերջինով «վեհաժողովը խորհուրդ է տալիս մոնիտորինգային հանձնաժողովին անհապաղ կերպով քննել այս խնդիրը և քննության արդյունքները ընդգրկել իր հաջորդ զեկույցում»։

Թերթից տեղեկանում ենք նաև», որ երեկ երեկոյան «Նորք-Մարաշ» ԲԿ-ում «ստենտավորել» են քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի սիրտը։ Հերթապահ բժշկի փոխանցմամբ, վիրահատությունն անցել է բարեհաջող։

Նույն թերթի տեղեկացմամբ, «Ժառանգության» անդամները հանդիպել են արդարադատության նախարարին՝ փորձելով նրանից պարզել, թե ինչու ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը կարճատև արձակուրդի տեսքով ազատ չի արձակվում՝ մասնակցելու հոր հուղարկավորությանը։ «Նախարարը պատասխանել է, թե, իբր, համապատասխան դիմում չի ստացել։ Այնինչ դիմումն ուղարկվել է դեռևս հունվարի 29-ին՝ Հացպանյանի հոր մահվան հաջորդ օրը»։ Թերթի հաղորդմամբ, պատգամավորներն ու նախարարը պայմանավորվել են, որ Հացպանյանն այսօր նոր դիմում ներկայացնի։

«Առավոտի» թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է.«Իշխանությունների ու տարբեր կարգի գործիչների հայտարություններից անկախ՝ մարտի 1-ի էջը հնարավոր չէ փակել՝ անգամ իրական մեղավորներին հայտնաբերելուց ու պատժելուց հետո։ Ժողովուրդների պատմության մեջ նման էջերը չեն փակվում։ Դրանք միշտ բաց են»։

Հայաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ Կառավարությունը երեկվա նիստում առաջարկել է դատարանների կողմից ընդունված բոլոր տեսակի ակտերը քաղաքացիների կողմից չկատարելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն։ Հիշեցնենք, որ այն այժմ նախատեսված է միայն պետական պաշտոնյաների համար։

«Առավոտ»-ը «Մանկատնից հետո ընկել է դռնեդուռ» հոդվածում գռում է մանկատներում մեծացած, ծնողազուրկ Արմեն Ստեփանյանի մասին՝ նշելով որ գերատեսչությունները վերջինիս բնակարան չտրամադրելը պատճառաբանում են նրանով, որ նա մանկատան սան լինելով՝ այդպես էլ չի դարձել մանկատան շրջանավարտ։ Դա նշանակում է, որ Արմենը չի կարող և չի ընդգրկվել «Բնակարան որբերին» ծրագրում։ Մինչ այդ, գրում է թերթը, նա պետությունից ստանում է 18.000 դրամ նպաստ, որից 10.000-ը տան վարձ է տալիս, զուգահեռաբար նույն տանը տարբեր աշխատանքներ է կատարում, որպեսզի փոխհատուցի վարձի մյուս մասը։

Նույն թերթից տեղեկանում ենք, որ քրեական գործեր են հարուցվել մշակույթի նախարարի խորհրդականների դեմ՝ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով՝ պետությանը պատճառելով էական նյութական վնաս։

«Հրապարակի» «Էլիտար շենքերի փոխարեն էլիտար շենքեր կերեք» հրապարակումը Շահումյանի նախկին կոլտնտեսության բնակիչների բողոքի մասին է։ Բանն այն է, գրում է թերթը, որ վերջիններս վարձակալական հիմունքներով, մինչև 2012 թ-ը ուժի մեջ գտնվող պայմանագրերով, մինչև վերջերս մշակում էին տեղի հողերը։ Սակայն երկու տարի առաջ բնակչությանն առանց տեղեկացնելու՝ հայտարարվել է աճուրդ, արդյունքում օտարվել է 150 հա հող։ «Հաշտվելով տիրող բեսպրեդելի հետ՝ մարդիկ այժմ պահանջում են ընդամենը չնչին փոխհատուցում, ինչը մինչ օրս չեն ստացել»,- գրում է թերթը։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն