փնտրել

արխիվ

բաժանդորդագրում

Փետրվարի 8-ի մամուլի տեսություն

Փետրվար 08, 2010

Տեղական մամուլն անդրադարձել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի այցին Հայաստան։

«Հայկական ժամանակ» և «Առավոտ» թերթերում կարդում ենք, որ վերջինս հանդիպել է ԱՆ Գևորգ Դանիելյանին։ Իրավապաշտպանը նախարարի ուշադրությունը հրավիրել է մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված տասը քաղաքացիների սպանության հանգամանքների վրա, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բավականին խիստ է։

Գրեթե բոլոր թերթերը գրել են «Աբովյան» ՔԿՀ-ու օրերս տեղի ունեցած միջադեպի մասին։ Բանն այն է, որ դատապարտյալներից մեկի հաղորդման հիման վրա, 23.800 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՔԿՀ տեղամասի պետ Կարինե Համբարձումյանը։ «Հրպարակի» դիտարկմամբ, «ակնհայտ է, որ այս օպերացիան ուղղված է ոչ թե այդ կնոջ, այլ ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանի դեմ, ով արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի քեռին է։ Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցված»։  Թերթի տեղեկացմամբ, Էդուարդ Հովհաննիսյանը 2 օր 6-րդ վարչությունում անցկացնելուց հետո, բաց է թողնվել, քրեական գործը, սակայն, փակված չէ։ «Արդարադատության համակարգի, Ոստիկանության արմատական ռեֆորմ, մամուլի, խոսքի ազատություն, էլեկտրոնային մեդիա, եթե այլս ոլորտներում կարողանանք իրականացնել այն բարեփոխումները, որոնք մեզանից ակնկալում են, կարծում եմ, մարտի 1-ի, 2-ի իրադարձությունները ծնող հիմքերը կվերացնենք»,- «Առավոտին» ասել է Աժ պետաիրավական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։

Շաբաթօրյա մամուլի ուշադրության կենտրոնում նախօրեին ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլանդի ներկայացրած նախագիծն է, որում մարտիմեկյան իրադարձություններում բանակի ներգրավվածությունը որակվում է որպես «պետական հեղաշրջման փորձ»։

«168 ԺԱՄ»-ը գրում է, որ «նախագծին իշխանությունները վերաբերում են /կամ այդպես են ցույց տալիս/ անտարբերությամբ ու նույնիսկ քամահրանքով»։ Իշխանությունների իրական կամ ցուցադրական հանգստությունն, ըստ թերթի, վկայում է, որ նրանք վստահ են՝ հերթական անգամ կարողանալու են «իրենց հարցերը լուծել» ԵԽ ԽՎ-ում։ Նույն նախագծի շուրջ անդրադարձ կա նաև «Հայկական ժամանակ»-ում։ Թերթի զրուցակից իրավապաշտպաններից Ամալյա Կոստանյանը տարակուսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, թե մարտի 1-ին բանակի ներգրավվածության խնդրին միջազգային կառույցներում նոր են անդրադառնում։ Իսկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ նշել է, որ ուժային մեթոդներով իշխանություն պահելը ևս պետական հեղաշրջում է և, որ նման դեպքեր պատահում են աֆրիկյան երկրներում։

Նույն թերթի «Ֆիրդուսանոցում հարկային ռեպրեսիաներ են սկսվել» հոդվածն անդրադարձ է շուկայում ՀԴՄ-ների լինել-չլինելու խնդրին։ Թերթի զրուցակիցները ընդվզում են «Ապրիլին շուկան փակվում է, մենք մեր գլխի գալիքը չգիտենք, հիմա 50.000 դրամ տանք, հաշվիչ առնենք»։ Մինչ այդ փետրվարի մեկից այստեղ սկսել է գործել տուգանքների մեթոդն այն վաճառողների նկատմամբ, ովքեր դեռ չեն տեղադրել ՀԴՄ։

Տեղական մամուլում անդրադարձ կա նաև ոչխարների գլխաքանակի ավելացման խնդրին։ Գյուղնախարարության պաշտոնյայի հավաստմամբ, առաջիկա 2-3 տարիներին կունենանք ոչխարների գլխաքանակի կտրուկ աճ։ Մինչդեռ «Ա1+»-ի հաղորդմամբ, միայն 2009 թ-ին Իրան է արտահանվել 117.000 գլուխ ոչխար։ Եզդիների միության անդամ Օմար Մամոյանն էլ ասել է, թե վաճառքի պատճառը տրվող բարձր գինն է ու մեղադրել է պատասխանատուներին, որ նրանք ոչինչ չեն անում, որ գոնե մայրական ոչխարների արտահանման լիցենզիա չտրամադրեն։

 

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն