Հայաստանյան մամուլում Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հերքել է երեկ տպագրված այն տեղեկատվությունը, ըստ որի մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքն ասել է, թե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել։ Նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ Գևորգ Դանիելյանը նշել է, որ համաներման կիրառում է համարվում նաև պատժի ժամկետի կրճատելը։ «Վերջնական դատավճռի պարագայում պարզ կդառնա՝ կա՞ն արդյոք բավարար հիմքեր համաներում կիրառելու համար և կոնկրետ ի՞նչ չափով պատիժը կարող է կրճատվել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱՆ մամուլի խոսնակը։
Նույն խնդրի շուրջ «Հրապարակի» «Մացոյի դատավճիռը սևագրությո՞ն է» հոդվածում կարդում ենք «Անգամ իրավաբանականի ուսանողներին է հայտնի, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերջնական ակտ է, և այն պետք է լինի ամբողջական և մարդու արարքներին տա վերջնական գնահատական։ Անշուշտ, կան վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ, սակայն այդ ատյաններում գործը կարող է քննվել միայն ամբաստանյալի դիմումի հիման վրա, և այդ ատյանները զրկված են գործն ամբողջությամբ քննելու հնարավորությունից»։
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ թեև Սասուն Միքայելյանի սրտի վիրահատությունից հետո բժիշկները թերթին փոխանցել են, որ նա դեռ մեկ շաբաթ էլ կմնա «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, այդուհանդերձ Միքայելյանին 2 օր անց տեղափոխել են ՔԿՀ։ Թերթի տեղեկություններով, ազատամարտիկ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կիրակի օրը կտրուկ վատացել է և նրան դարձյալ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, հետո նորից հետ են տարել «Բանտարկյալների հիվանդանոց» ՔԿՀ։
«Հայոց աշխարհի» զրուցակից հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով, հեռուստաեթերը կարգի բերելուն ուղղված ՀՌԱՀ-ի քայլերը ճիշտ ժամանակին են և այդ նախաձեռնությունը չի կարելի դիտել խոսքի ազատության սահմանափակման համատեքստում։
Նույն թեմայի շուրջ «Առավոտն» իր խմբագրականում գրում է «Ի՞նչն է ավելի վտանգավոր հասարակության առողջության համար։ Ասենք, այս տարվա հունվարի 10-ին կայացած ընտրությունների իրական պատկերը ցույց չտա՞լը, թե պոռնոգրաֆիա ցույց տալը։ Ինձ թվում է՝ առաջինը»։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում խոսել է վերջերս Հայաստանում կատարվող դաժան սպնություններին․ «Աշխարհի կտրվածքով կանանց կողմից կատարված սպանությունների թվով հայ կանանց տոկոսը չափազանց քիչ է։ Սակայն դրանք եղել են ամենադաժան սպանությունները։ Ըստ այդ կանանց, դրանց մեծ մասը զսպված զգացմունքների հետևանք է եղել, և ոչ ներքին ագրեսիայի»։ Ազգագրագետի խոսքով, երկար ժամանակ սանձահարված զգացմունքների բռնկումն իսկապես կարող է բերել դաժանությունների։
«Առավոտ»-ի «Որդու սպանվելուց հետո» հոդվածը նախորդ տարվա հունվարին դաժանորեն սպանված 31-ամյա գերեզմանափոր Վահան Իգիթյանի գործի քննության մասին է։ Թերթը գրում է, որ նյութապես անապահով Րուզաննա Իգիթյանը՝ Վահանի մայրը, չունի փաստաբան։ Նա միայն նամակներ է գրել պետական մարմիններին, որտեղից էլ խոստացել են բացահայտել հանցագործությունը։ Ինչ վերաբերում է իրեղեն ապացույցներին, քննիչը մորը ասել էր, թե սպանության գործիք փայտի վրա հետք չի մնացել, քանի որ այն ողորկ է եղել, հանցագործի ոտնհետքերը «ցրտից են կորել», օղու բաժակի վրա էլ հետքեր չկան, որովհետև բաժակը նախշերով է եղել։
Նույն թերթից տեղեկանում ենք, որ ինքնուս քանդակագործ Գարիկ Կուրղինյանին վտարել են Բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող տարածքից, իսկ նրա քանդակները մինչ օրս հայտնի չէ, թե ուր են տարվել։ Կուրղինյանը թերթին գրավոր հայտնել է․ «Հունվառի 1-ին ենթարկվել եմ խմբակային հարձակման, ստացել եմ բազմաթիվ սալջարդեր։ Պատռվել է անձնագիրս, կոտրվել է հեռախոսս»։ Փաստի առթիվ նա հաղորդում է տվել Արաբկիրի բաժնի հետաքննության բաժնում։