Հայտարարություններ

Դասընթաց. «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում»

18.07.2013

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպում է երկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» թեմայով, որը կկայանա ս.թ. հուլիսի 23-ից 24-ը Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում:

Ծրագիրն ընդգրկում է դասախոսություններ, խմբային աշխատանք և քննարկումներ հետևյալ թեմաներով.

1. Քրեական դատավարության հիմնական խնդիրներին վերաբերող ազգային օրենսդրությունը և միջազգային չափանիշները:

2. «Բարդ իրավիճակի» օրինակներ՝ մասնավորապես անդրադառնալով խաղաղ հավաքների և ազատության ու անձնական անձեռնամխելիության իրավունքներին (փողոցային ակցիաների կազմակերպում, ոստիկանության հետ առնչվելիս քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ձերբակալվածների և կալանավորվածների իրավունքները, խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից զերծ մնալու և արդար դատավարության իրավունքները):

Ով կարող է դիմել. մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ և բոլոր այն անձինք, ովքեր ելնելով իրենց մասնագիտական գործունեությունից, սոցիալական կամ այլ խմբի պատկանելիությունից` կարող են առնչվել կամ խնդիրներ ունենալ իրավապահ մարմինների հետ:

Հրավիրված դասընթացավարի մասին. Կիրիլ Կորոտեևը ռուսաստանցի իրավաբան է: Նա աշխատել է «Մեմորիալ» մարդու իրավունքների կենտրոնում` Մոսկվայում, և Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնում` պատրաստելով Ռուսաստանի Դաշնության դեմ Մարդու իրավունքների եվրադատարան բազմաթիվ բողոքներ: Կիրիլ Կորոտեևը նաև աշխատել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայում (FIDH)` որպես Բելառուսի և Հայաստանի հարցերով փորձագետ: Ներկայումս նա իրականացնում է հետազոտական աշխատանք Ֆրանսիայի Փարիզ I Պանթեոն-Սորբոն համալսարանում:

Դասընթացը կանցկացվի 20 մասնակիցների համար, որոնք կընտրվեն մրցութային սկզբունքով: Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և հակիրճ ուղեկցող նամակ Աննա Մելիքյանին` anna.melikyan@csi.am էլ. հասցեով: Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 18-ն է: Նախապատվությունը կտրվի մարդու իրավունքների քարոզարշավներում ներգրավված անձանց:

«Մարդու իրավունքները քրեական դատավարության համատեքստում» դասընթացը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից կազմակերպված է Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորած «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:

Աղբյուրը՝ www.hra.am