Հասցեագիրք

  • Կանանց իրավունքների կենտրոն

    Հայաստան, ք. Երեւան, Աբովյան փ. 17, բն. 20

    (+37410) 51 87 51

    (+37410) 53 22 81

    info@wrcorg.am, wrcarm@arminco.com

    http://www.wrcorg.am

    Գործունեություն

    1997 թվականից առ այսօր Կանանց իրավունքների կենտրոնն աշխատում է կանանց նկատմամբ բռնության բնագավառում եւ իր գործունեությունն իրականացնում է հետեւյալ երեք ուղղություններով՝ ընտանեկան բռնություն, կանանց առեւտուր, սեռական եւ վերարտադրողական իրավունք եւ առողջություն: Գործունեությունը. Ազգային Թեժ գիծ - 1997թ-ից կազմակերպությունն իրականացնում է Հայաստանում առաջին վստահության հեռախոսային ծառայությունը, որի նպատակն է բռնության դեպքերի բացահայտումը եւ բռնության ենթարկված կանանց անվճար հոգեբանական, իրավաբանական խորհրդատվության եւ օգնության տրամադրումը : Ճգնաժամային կենտրոն - այստեղ բռնության ենթարկված կանանց տրամադրվում է անվճար հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաեւ սոցիալական ու բժշկական օգնություն: Կանանց աջակցման խումբն ընդգրկում է բռնությունից տուժած կանանց: Խմբի նպատակն է՝ համախմբել այդ կանանց եւ անցկացնել խմբային հոգեբանական թերապիայի պարապմունքներ` կիրառելով արտթերապիայի եւ դրամաթերապիայի էլեմենտներ: Աշխատանքային հմտությունների դասընթացներ- բռնությունից տուժած կանանց համար անցկացվում են անգլերեն լեզվի, համակարգչային, հաշվապահության, խոհարարության, վարսավիրության արտոնագրված դասընթացներ: Ապաստարան եւ ժամանակավոր կացարան- ԿԻԿ-ը Հայաստանում առաջինը ստեղծեց միջազգային նորմերին համապատասխանող ապաստարան եւ ժամանակավոր կացարան, որի նպատակն էր, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ նրանց երեխաներին օգնություն ցուցաբերելու միջոցով, կանգնեցնել բռնության փակ շրջանը եւ հասնել անկախ, ապահով, ինքնավստահ եւ բռնությունից զերծ ապրելակերպի: Այս գործունեությունն իր մեջ ընդգրկում էր անվճար տանիքի եւ սննդի ապահովումը, ինչպես նաեւ Կանանց աջակցման խմբի, Ընտանեկան օրվա, Ծնողական օրվա, Աշխատանքային հմտությունների դասընթացների կազմակերպումը : Կրթական եւ իրազեկման ծրագիր - անցկացվում է Երեւանի եւ մարզերի գրադարաններում, ոստիկանական բաժանմունքներում, պոլիկլինիկաներում, համալսարաններում, դպրոցներում, գործակալություններում եւ այլուր : Բազմաթեմատիկ դասընթացներ- ԿԻԿ-ը իրավապահ մարմինների, լրատվական միջոցների, հասարակական կազմակերպությունների եւ առողջապահական ոլորտի աշխատակիցների համար կազմակերպում է բազմաթեմատիկ դասընթացներ՝ ընտանեկան բռնության եւ կանանց առեւտրի, վերարտադրողական առողջություն եւ իրավունք թեմաների վերաբերյալ: Դասընթացներն անցկացվում են ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Դասընթացներ դասվարների համար - կազմակերպությունն անցկացնում է դասընթացներ հետեւյալ թեմաներով՝ կանանց իրավունքներ, ընտանեկան բռնություն եւ կանանց առեւտուր, վերարտադրողական առողջություն եւ իրավունք, որոշումներ կայացնելու իրավունք: Փաստաբանական ծառայություն - անհրաժեշտության դեպքում բռնությունից տուժած կանայք ապահովվում են փաստաբանով՝ պաշտպանելու նրանց իրավունքները եւ շահերը դատարանում: STOPWAV ինտերնետային կայքի ազգային էջի նորացում- ԿԻԿ-ը՝ որպես Ազգային մոնիտոր իրականացնում է "Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ" ինտերնետային կայքի ազգային էջի նորացումը կանանց նկատմամբ բռնության չորս տեսակներով՝ ընտանեկան բռնություն, սեռական հետապնդում, սեռական հանցագործություն եւ կանանց առեւտուր: Տեղեկատվական եւ ուսուցման վիրտուալ կենտրոնի ստեղծում - ԿԻԿ-ը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում է ԱՊՀ երկրներում կանանց առետրի վերաբերյալ համատեղ ինտերնետային կայքի եւ էլեկտրոնային տեղեկագրերի ստեղծման աշխատանքներում: ՀՀ օրենսդրության գենդերային վերլուծություն - ԿԻԿ-ն իրականացրել է վերարտադրողական եւ սեռական առողջության եւ իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության գենդերային վերլուծություն երեք հիմնահարցերով` հղիության արհեստական ընդհատում, հակաբեղմնավորիչ միջոցներ եւ մեթոդներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր անձանց իրավունքներ: Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության- ամեն տարի ԿԻԿ-ը մասնակցում է "Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության" քարոզարշավին: 2004թ. նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, ԿԻԿ-ն իր գործունեությունը սկսեց "Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Ազգային կոալիցիայի" ստեղծման նախաձեռնությամբ: Ռադիո եւ հեռուստատեսային ծրագրեր - կազմակերպվում են կանանց նկատմամբ բռնության եւ վերարտադրողական առողջության եւ իրավունքներին նվիրված ռադիո ե հեռուստատեսային ծրագրեր: Կազմակերպությունը հիմնել է Մամլո Ակումբ` լրագրողների` ընտանեկան բռնության ոլորտի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով:

    Նպատակները

    կանխարգելել կանանց եւ նրանց երեխաների նկատմամբ բռնությունը, պաշտպանել կանանց վերարտադրողական եւ սեռական առողջությունը եւ իրավունքը, նպաստել կանանց մասնակցությանը որոշում կայացնելու գործընթացներում եւ նրանց լիդերությանը:

    Պատմություն

    Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Դա մարդկանց կամավոր միություն է, որոնք միավորել են իրենց ջանքերը ընդհանուր նպատակներին հասնելու համար: ԿԻԿ-ը ներկացուցիչներ եւ մասնաճյուղեր ունի Հայաստանի 10 մարզերում:Անդամակցությունը "Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Ազգային կոալիցիա", "Աստրա՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կանանց ցանց սեռական եւ վերարտադրողական առողջության եւ իրավունքների վերաբերյալ", "Արեւելք եւ Արեւմուտք կանանց ցանց", "ԱՊՀ եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների կանանց ՀԿ-ների Կարատ տարածաշրջանային կոալիցիա", "Էնջըլ կոալիցիա", "Բժշկական վիժումների միջազգային կոնսորցիում", "Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում" ցանցի տեղական ներկայացուցչություն: