Նորություններ

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ 63 ՏԱՐԵԿԱՆԸ

24.04.2003
Ապրիլի 10-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է կենսաթոշակային ամբողջ համակարգի կառավարման իրավական հիմքերն ու սկզբունքները, կարգավորում է կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման եւ իրականացման հարաբերությունները, կենսաթոշակային իրավունքի ձեռք բերման պայմանները, կենսաթոշակների նշանակման եւ վճարման կարգը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանը, օրենքով կանանց եւ տղամարդկանց համար սահմանվել է կենսաթոշակային միասնական տարիք` 63 տարեկան: Մինչ այդ տղամարդկանց համար այն համարվում էր 65 տարեկանը, իսկ կանանց համար` 63: Այսուհետ կանանց համար կգործի տարիքային սանդղակ. այս տարի նրանք կենսաթոշակի կանցնեն 59 ու կես տարեկանում, յուրաքանչյուր տարի կես տարով կավելանա կենսաթոշակի անցնելու տարիքը` մինչեւ 63-ը լրանալը: Բաժնի պետը հայտնեց նաեւ, որ 1996 թ.-ից հետո աշխատող կենսաթոշակառուների աշխատանքային ստաժը չէր հաշվառվում, իսկ նոր օրենքով սահմանվել է կենսաթոշակայինի անհատական գործակից, որի համաձայն, երկարատեւ աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիները կստանան համեմատաբար բարձր կենսաթոշակ: Օրենքը նախատեսել է նաեւ մանկավարժների եւ թատերահանդեսային կազմակերպիչների համար մասնակի կենսաթոշակ, որը փոխարինում է երկարամյա ծառայության կենսաթոշակը, այսինքն, 12 տարվա ստաժ եւ պահանջվող տարիք ունեցող այդ քաղաքացիների համար կնշանակվի իրենց մասնագիտական ստաժին համապատասխան կենսաթոշակ: 2003 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կա 544 հազար կենսաթոշակառու, այդ թվում 485 հազարը զուտ աշխատանքային կենսաթոշակառուներ են: