Նորություններ

Գուլյանի գործով դատաքննությունը շարունակվում է

15.09.2009

Սեպտեմբերի 12-ին  Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Գուլյանի փաստաբանների բողոքի քննությունը՝ քրեական գործի կարճման որոշման դեմ։ Դատական նիստում մահվան հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու  համար պաշտպանական կողմը շարունակեց հարցերն ուղղել մեղադրողին։ Մասնավորապես, փաստաբան Հրայր Ղուկասյանը հարց տվեց դատախազ Հարությունյանին, արդյո՞ք նախաքննական մարմինը պարզել է, թե ում հրահանգով է Լեւոն Գուլյանը կանչվել ՀՀ Ոստիկանություն, այսպես կոչված «բացատրական աշխատանքներ» անցկացնելու համար: Սպանության գործը, որով Գուլյանը անցնում էր որպես վկա, վարում էր Շենգավիթի ոստիկանությունը, այսինքն Գուլյանի հետ քննչական գործողությունները կարող էին անցկացվել միայն այդ մարմնի կողմից, կամ այդ մարմնի հրահանգով: Մինչդեռ  Շենգավիթի ոստիկանության քննիչ Առաքելյանի պնդմամբ Գուլյանի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Այս հարցին որեւէ հստակ պատասխան չստանալով, փաստաբանը եզրակացրեց, որ, փաստորեն, երկու տարբեր մարմին զուգահեռ, առանց որեւէ համագործակցության վարել են գործի քննությունը: Փաստաբանը հարց տվեց նաեւ «բացատրական աշխատանքներ» ձեւակերպման վերաբերյալ, խնդրելով բացատրել այս արտահայտության իրավաբանական իմաստը, ինչպես նաեւ ինչ իրավունքներ ունի անձը, ում հետ անց են կացնում «բացատրական աշխատանքներ»: Սակայն այս հարցին նույնպես դատախազ Հարությունյանը կոնկրետ պատասխան չտվեց:

Դատավորի հարցին, թե կան արդյոք գործողություններ, որոնք ըստ փաստաբանի նախաքննական մարմինը պարտավոր էր իրականացնել, սակայն չի իրականացրել, փաստաբան Ղուկասյանը թվարկեց բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք չեն կատարվել նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից:

Դատական նիստի վերջում փաստաբան Ղուկասյանը դեպքի  վայրի լուսանկարներ ներկայացրեց դատարանին:

Դատաքննությունը կշարունակվի  սեպտեմբերի 23-ին ժամը 16:00: Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանը մահացել էր հենց Ոստիկանության շենքում, երբ 2007թ. մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել էր հարցաքննության։