Նորություններ

«Մարտի 1»-ի հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը

18.09.2009

Հետընտրական զարգացումների արդյունքում մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում սկսեց 138 էջից բաղկացած իր զեկույցի ներկայացումը։

Մարտյան ողբերգական իրադարձություններից հետո ձևավորված սույն  հանձնաժողովի խնդիրը, ըստ Ազգային ժողովի համապատասխան որոշման, մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն էր և ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրությունը:

Զեկույցի հրապարակված եզրակացությունում ասված է. «Ամենախնդրահարույց եւ հասարակությանը մտահոգող հարցերից մեկն այն է, թե ո՞ւմ գործողությունների հետեւանքով է վրա հասել մահը: Հանձնաժողովը չի պատասխանել այս հարցին, քանի որ նույնիսկ ցանկության դեպքում էլ չի կարող եւ իրավունք չունի վերածվելու նախաքննական մարմնի եւ իրականացնելու լիազորություններ, որոնք քրեադատավարական օրենսդրությամբ բացառապես վերապահված են միայն նախաքննական մարմնին»:

Հանձնաժողովը Հատուկ քննչական ծառայությանը առաջարկում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները' բացահայտելու ինչպես մահվան, այնպես էլ բռնությունների, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ մյուս դեպքերը:

Եզրակացության մեջ անդրադարձ կա զինծառայող Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լուծարված փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի զեկույցներին՝ արձանագրելով, թե  «զեկուցողների» դիրքորոշումը համոզիչ չէ, իսկ «ներկայացրած վարկածը ընդունելի չէ»։

Եզրակացության մեջ նշելով, որ մարտի 1-ին «Չերյոմուխա -7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհվել է 3, եւ վիրավորվել 6 քաղաքացիական անձ, նշված է. - «Այն հանգամանքը, որ արցունքաբեր գազ արտանետող այդ փամփուշտները կիրառվել են նախատեսված անվտանգության կանոնների խախտմամբ, վկայում է նաեւ այն փաստը, որ դրանց օգտագործման ընթացքում արտանետված գազից թունավորվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ ոստիկանության զորքերի 11 զինծառայող»։

Ինչ վերաբերում է  «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցների կիրառմանը, եզրակացության մեջ նշված է, որ «գուցե պարտադրված է եղել իրավիճակով, այնուամենայնիվ, եղել է ոչ իրավաչափ»։ Սրանով հանդերձ եզրակացությայն մեջ նշված է, որ ոստիկանների գործողությունները «ընդհանուր առմամբ իրավաչափ են» եղել:

Միեւնույն ժամանակ, հանձնաժողովը, ըստ Սամվել Նիկոյանի հրապարակած զեկույցի, դատապարտում է ոստիկանության որոշ աշխատակիցների գործողությունները' հույս հայտնելով, թե դրանցով կզբաղվեն իրավապահները:

Եզրակացության նախաբանում ասվում է, որ «հանձնաժողովը գիտակցում է այս փաստաթղթի ամբողջ կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հասարակական համաձայնության եւ օր առաջ միասնական մթնոլորտի հաստատման գործում, ինչպես նաեւ առաջնորդվում է անհանդուրժողականությունը եւ թշնամանքը Հայաստանի քաղաքական դաշտից արմատախիլ անելու ցանկությամբ»: