Նորություններ

Լևոն Գուլյանի գործը կրկին դատարանում

09.10.2009

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ երեկ հրապարակել է մի որոշում, որի համաձայն Ոստիկանության շենքում չպարզված հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի գործով նոր դատաքննություն կսկսվի։ Դատավորն այսպիսի եզրահանգման է եկել շուրջ չորս ամիս Լևոն Գուլյանի փաստաբանների բողոքը՝ քրեական գործի կարճման որոշման դեմ քննելուց հետո։  Երեկվա դատական նիստում դատավոր Կարախանյանը հայտարարել է, որ անհրաժեշտություն է առաջացել կրկին լսել գործի նախաքննությունը վարող հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գաբրիել Պետրոսյանին։ Գործի նյութերում չպարզաբանված հարցեր կան, որոնք հստակեցնելու համար դատարանում քննիչը ցուցմունքներ կտա և  կպատասխանի կողմերի հարցերին։ Այսպես է հիմնավորել դատավորը իր կայացրած որոշումը։

Դատավորի հարցին ի պատասխան, թե կան արդյոք գործողություններ, որոնք նախաքննական մարմինը պարտավոր էր իրականացնել, սակայն չի իրականացրել, Գուլյանների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հրայր Ղուկասյանը նախորդող նիստերից մեկում պատասխանել էր՝ «բազմաթիվ» և թվարկել դրանք։

Նկատենք, որ Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը նախաքննական մարմինը կարճել է երկու անգամ և արդեն երկրորդ անգամ նշանակվում է նոր դատաքննություն։։

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանը մահացել էր հենց Ոստիկանության շենքում, երբ 2007թ. մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել էր հարցաքննության։ Գուլյանի հարազատները, որոնք շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար, հույսեր չեն կապում հայաստանյան դատական համակարգի հետ։ Նրանք պարզապես սպառում են այս ատյանները Եվրոպական դատարան դիմելու համար։

Դատական առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում