Նորություններ

Գուլյանի գործը Վերաքննիչ դատարանում

04.02.2010

Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի Լևոն Գուլյանի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացված բողոքի քննությունը։ Նախորդ դատական նիստում մեղադրող Հ.Հարությունյանը դատարանին միջնորդել էր մերժել փաստաբան Ղուկասյանի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ։

Փաստաբանն իր բողոքում հիմնավոր կասկածներ է հայտնել կապված  իրավապահ մարմինների գործողությունների հետ, որոնք հերքում են, թե  բռնություն է կիրառվել Լևոն Գուլյանի նկատմամբ։ Ղուկասյանի կարծիքով, Գուլյանի մարմնի վրա առկա բռնության հետքերն ու վնասվածքները ստացվել են նրա մահից առաջ, մինչև ընկնելը:

Գուլյանը մահացել է 2007թ. մայիսի 12-ին' որպես վկա հրավիրված հարցաքննության ժամանակ: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, թե նա փորձել էր փախուստի դիմել և 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել ու մահացել: Նրա մահվան առթիվ հարուցված քր.գործը նախաքննական մարմինը կարճել է 2 անգամ,  երկու անգամ էլ դատաքննություն է նշանակվել: