Նորություններ

Դատարանը ևս մեկ անգամ մերժեց Գուլյանի գործը

06.02.2010

Փետրվարի 5-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը Լևոն Գուլյանի գործով հրապարակեց որոշում, որով անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդների ներկայացված բողոքի քննությունը։

Նախորդ դատական նիստում մեղադրող Հ.Հարությունյանը դատարանին միջնորդել էր մերժել փաստաբան Ղուկասյանի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ (Փաստաբանը պնդում է, որ Գուլյանի մարմնի վրա առկա բռնության հետքերն ու վնասվածքները ստացվել են նրա մահից առաջ, մինչև ընկնելը):

Փաստաբան  Հրայր Ղուկասյանն ասում է, որ իրենք շարունակելու են բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը և դրա համար ունեն առնվազն երկու հիմք։

«Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել՝ հղում անելով վճռաբեկ դատարանի որոշումներից մեկի վրա, ինչն էլ հիմք էր համարվել, իսկ վճռաբեկ դատարանը  հղում էր արել եվրոպական դատարանի որոշումներից մեկին»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ երկորդ հիմքն էլ հնարավոր է համարվի այն, որ հարցի քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ դատական պրակտիկայի ձևավորման համար։

Գուլյանը մահացել է 2007թ. մայիսի 12-ին' որպես վկա հրավիրված հարցաքննության ժամանակ: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, թե նա փորձել էր փախուստի դիմել և 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել ու մահացել: Նրա մահվան առթիվ հարուցված քր.գործը նախաքննական մարմինը կարճել է 2 անգամ,  երկու անգամ էլ դատաքննություն էր նշանակվել: