Նորություններ

«Ա1+»–ի հայցը Սահմանադրական դատարանում

18.02.2010

Փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանում լսվելու է «Ա1+»-ի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական ճանաչելու մասին հայցը։ Բանն այն է, որ այն թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին օգտվել դատական պաշտպանության իրավունքից, և  կյանքի կոչել Եվրադատարանի որոշումները:

Հենց այս դրույթը հիմք ընդունելով' Վճռաբեկ դատարանը վերջերս հրաժարվել է կատարել 2008թ. հունիսին հեռուստաընկերության օգտին Եվրադատարանի կայացրած որոշումը:

«Ա1+»-ի հարցով ներպետական ատյաններում կայացված որոշումների վերանայումը ձեւական բնույթ է կրում»,- ասել է Եվրադատարանում հեռուստաընկերության շահերը ներկայացնող Արա Ղազարյանը:

«Սա միայն «Ա1+»-ի հարցը չէ: Սա ռազմավարական որոշում է լինելու, որը լուծելու է Եվրադատարանի որոշումները ՀՀ-ում կյանքի կոչելու խնդիրը:ՍԴ-ի այս որոշումը կարող է դառնալ նախադեպային»,- ասել է «Ա1+»-ի մեկ այլ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

ՍԴ նախորդ դատական նիստում, պատասխանող ներկայացած ԱԺ իրավաբանական բաժնի ղեկավար Աշոտ Խաչատրյանը հայտարարել է, որ ՍԴ-ն մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչել հիշյալ հոդվածը, այսինքն Վճռաբեկ դատարանը հեռուստաընկերության հայցը մերժել է' հիմք ընդունելով արդեն գոյություն չունեցող նորմը:

Նախորդ դատական նիստում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աժ ներկայացուցչին մինչեւ փետրվարի 23-ը ժամանակ է տվել պարզաբանելու, թե ԱԺ-ն ինչու է հակասահմանադրական ճանաչված նորմն ընդգրկել օրենքում:

Անկախ ՍԴ-ի որոշումից Արա Ղազարյանը հիշեցրել է, որ Եվրադատարանի որոշումների կատարման վերահսկողությունն իրականացնում է ԵԽ նախարարների կոմիտեն.

«Վճռի կատարման ձգձգումը կարող է քաղաքական ճնշումների առիթ դառնալ վճիռը չկատարող երկրի նկատմամբ: Երբ Նախարարների կոմիտեն համոզվում է, որ երկիրը խուսանավում է Եվրադատարանի որոշումը կիրառելու հարցում, մշակում է միջանկյալ բանաձև, որտեղ ցուցում է տալիս, թե ինչպես կատարվի իր որոշումը»:

«Ա1+»-ն իր կայքէջում հիշեցնում է, որ 2002թ.-ից մինչ օրս «ներպետական ատյաններում հեռուստաընկերության հայցերից որևէ մեկը չի բավարարվել: