Նորություններ

Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը

09.03.2010

Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2008 թվականի ապրիլից մինչեւ 2009 թվականի հուլիս ամիսը Հայաստանի դատարաններում անցկացված մոնիտորինգի վերաբերյալ 114 էջանոց զեկույցը։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 16 ամսվա ընթացքում հետևել են 93 դատավարությունների, որոնցում ընդգրկված էին 109 ամբաստանյալներ, ովքեր հիմնականում հետընտրական գործընթացների հետևանքով տարբեր մեղադրանքներով դատապարտվող ընդդիմության ներկայացուցիչներ էին։

Զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրել, հատկապես, մինչդատական գործընթացներին' նախաքննության ընթացքում տեղի ունեցած խախտումներին՝ նշելով, որ մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը, երբ մարտյան իրադարձություններից հետո կալանավորվում էին անխտիր բոլոր կասկածյալները։ Խախտվել է անմեղության կանխավարկածը:

Դիտորդների փոխանցմամբ' որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, երբ դեռ չէր ավարտվել քննությունը և դեռ չկար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Իսկ դատավորները երբեմն իրենք էին ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը:

«Դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքը, խոշտանգումների և ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով»,- արձանագրված է զեկույցում։

Մոնիտորինգի մասնակից դիտորդներն իրենց բոլոր դիտարկումներն ու գնահատականները հիմնավորել են կոնկրետ օրինակներով:

Զեկույցում արվում են նաև թերությունները շտկելու առաջարկներ։

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչի հայտարարությամբ՝«Զեկույցը կարող է նոր թափ հաղորդել երկրի արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ-ի առջև պարտավորություններին համապատասխան բարեփոխելու' Հայաստանի իշխանությունների ջանքերին»:

Զեկույցով առաջարկվում է՝ սահմանափակել նախաքննության ընթացքում ձերբակալությունները և առաջնորդվել անմեղության կանխավարկածով, ձեռնարկել միջոցներ' դատարանում մեղադրող և պաշտպանական կողմերի հավասարությունը ապահովելու համար, իրականացնել ամբողջական քննություն' կապված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր պնդումների հետ, բացառել ապօրինի միջոցներով ապացույցների ձեռք բերումը:

Յանեշ Լենարչիչի կարծիքով որոշ ակնհայտ քայլեր նախաձեռնվում են' անդրադառնալու ի հայտ եկած թերություններին։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ զեկույցին, սակայն իր  կարծիքով զեկույցը թեև ջախջախիչ քննադատություն է պարունակում, բայց զուտ քաղաքական առումով այն ուշացած է, քանի որ իր քաղաքական կարևորագույն գործառույթը չկատարեց։

«Կարծում եմ, որ այստեղ տեղի են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություններ: Այլ կերպ բացատրել զեկույցի ձգձգումները և հետաձգումները ուղղակի հնարավոր չէ: Ըստ երեւույթին, իշխանություններին ժամանակ են տվել կարևոր որոշումներ ընդունելու համար' միջազգային հարցերում և կարծում եմ, որ քաղաքական բանտարկյալների առկայության համար իր բաժինը մեղավորությունն ունի նաև ԵԱՀԿ-ն՝ զեկույցն ուշացնելու առումով»,- մեկնաբանեց Զուրաբյանը։

Կարդալ զեկույցը ամբողջությամբ www.osce.org/documents/odihr/2010/03/42944_en.pdf