Նորություններ

Հանուն դատական համակարգի առողջացման

16.03.2010

«Հայաստանում խնդիր է օրենքի կիրառումը։  Ցավոք սրտի, միշտ չէ, որ օրենքը կիրառվում է», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը։ Նա նշել է, թե Հայաստանում  օրենքները կարող են կիրառվելը այն  դեպքում, երբ «դատական համակարգն ավելի կատարյալ լինի» և  «հստակորեն ամրագրի բոլոր խախտումները»։

Դեսպան Կապինոսը  տեղեկացրել է, որ ԵԱՀԿ-ի  Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ վերջին հրապարակված զեկույցի առնչությամբ իրենք մտադիր են փորձագետի մակարդակով աշխատանք տանել ՀՀ Սահմանադրական դատարանի, Արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի հետ, ինչը հնարավոր կդարձնի վերացնել հայաստանյան դատական համակարգում առկա թերությունները։

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշված էր, որ 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է  թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում, մասնավորապես՝ մի շարք դեպքերում խախտվել է անձի ազատության իրավունքը, անմեղության կանխավարկածը, խոշտանգումների եւ ճնշումների են ենթարկվել ականատես վկաները, ցուցմունքներ են կորզվել ոչ օրինական միջոցներով։

Ասուլիսի ընթացքում Կապինոսն անդրադարձավ նաեւ 2008-ի մարտյան դեպքերի հետեւանքով ձերբակալվածներին:

«Այդ մարդիկ մարտյան դեպքերի հետ կապված դատապարտվածներ են։ Եվ կրկին՝ միայն դատարանն է իրավասու տալ կոնկրետ սահմանումներ», - ասել է  նա՝ հղում անելով  օմբուդսմենի հնչեցրած գնահատականին.

 «Ըստ նրա, համաներումը չպետք է կրեր  ընտրովի բնույթ։ Այս կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց չպետք է լինեն կամայական որոշումներ։ Իրավական դաշտում բոլոր որոշումները պետք է հիմնված լինեն օրենքի վրա», ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը։

Աղբյուրը՝ www.hra.am