Նորություններ

Աջակցում էին զոհերի հարազատներին

05.04.2010

Մինչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» (հ/կ)մարտի մեկի զոհերի հարազատները հանդիպում էին «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի» նախագահ Սուեր Բելասենի հետ, շենքի դիմաց զոհերի հարազատներին աջակցող ակտիվիստները ակցիա էին կազմակերպել։

Զոհերի հարազատների հետ հանդիպումը կազմակերպվել էր  ապրիլի 6-ին Երևանում  «Արդարադատություն.Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք նոր մարտահրավերներ» թեմայով համաժողովից առաջ՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի(FIDH) նախագահ Սուեր Բելասենի նախաձեռնությամբ։։

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արամ Մանուկյանն ասում է, որ Սուեր Բելասենի համարձակ նախաձեռնությունը առիթ է տալիս հավատալու, որ «միջազգային այդ կազմակերպությունն ավելի ազատ է, քան եվրոպական չինովնիկական մյուս կառույցները»։

«Մենք որպես աջակից 10 զոհվածների ծնողների նախաձեռնությամբ ու իրենց կազմած տեքստով եկել ենք տիկին Բելասենի մոտ,- ասաց նա,-2 տարի անցել է, բայց զոհվածներից որևէ մեկի սպանության  հետ կապված որևէ առաջընթաց չկա, իսկ մարդու իրավունքները միշտ  ավելի գիժ ու համարձակ են, մենք հույս ունենք,  որ միջազգային կառույցներում ձայն կբարձրացվի»։

Ակցիային մասնակից ակտիվիստ կանայք բռնել էին 10 զոհերի լուսանկարները, մինչ հարազատները ներսում իրենց փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ զրուցում էին Սուեր Բելասենի հետ։

Ակցիայիմասնակից Օֆելյա Մարգարյանը, չնայած համառորեն պայքարում է մյուս ակտիվիստների հետ, համոզված է, որ այս անգամ էլ ոչինչ չի ստացվելու։

«Եթե այսքան ժամանակ մայրերին ծեծել են փողոցներում, էլ ինչ կարելի է սպասել իշխանություններից, ես ոչ մի բանի էլ չեմ հավատում»,- ասաց նա։

Վիոլետ Ղազարյանն էլ ասաց, որ մարտի մեկն իրենց համար միշտ էլ բաց վերք կմնա, որի վրա ամեն առիթով աղ ու բիբար են լցնում։