Նորություններ

Հատուկ քննչականն անհիմն է որակել բողոքը

16.04.2010

Այսօր ժամը 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց մարտի 1-ի զոհերից հրազենային կրակոցից սպանված Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Հովհաննիսյանի, ինչպես նաև գանգուղեղային վնասվածքից մահացած Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը։

5 րոպե անց, սակայն, դատավոր Արմեն Խաչատրյանը նիստը հետաձգեց մինչև ապրիլի 26-ը: Դատարանին ներկայացվեցին Գլխավոր դատախազության հիմնավորումները, և բողոքարկող կողմի հնարավորություն տրվեց 10-օրյա ժամկետում ծանոթանալ դրանց։

2008թ. մարտի 1-ի 10 զոհերից 9-ի հարազատները դատարանում վիճարկում են Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը։ Զոհերի ծնողները փաստում են, որ 2 տարվա ընթացքում իրենց որդիներին սպանողները դատապարտված ու պատժված չեն։

Հատուկ քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանն ու մեղադրող Հարություն Հարությունյանը տեսակետ հայտնեցին, թե զոհերի հարազատների բողոքը անհիմն է, ինչն էլ զայրացրեց դատավարությանը ներկա ծնողներին։ Ներկաները՝ ի նշան բողոքի, պարզեցին զոհերի լուսանկարները, սակայն դատավորը կոչ արեց իջեցնել դրանք։

«Ինչպե՞ս կարող է մեր բողոքը լինել անհիմն, եթե մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանությունների համար: Ես 10 զոհերից որևէ մեկին մյուսից չեմ տարանջատում, թող գոնե մեկի սպանությունը բացահայտեին»,-ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը' Սարգիս Քլոյանը:

«Մենք ամենայն լրջությամբ հնարավորություն ենք տալիս ՀՀ իշխանությունների այս խնդիրը լուծել։ Մեր բողոքը շատ հիմնավոր է: Բողոքարկում ենք նրանց անգործությունը, որովհետև մինչև հիմա սպանությունները բացահայտված չեն»,- ասաց Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: