Նորություններ

Մարտի 1-ի զոհերի գործերով գանգատները ուղարկվում են Եվրադատարան

23.11.2010

Մարտի 1-ի զոհերի գործով գանգատ է ներկայացվելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին այսօր www.hra.am կայքէջին հայտնեց 10 զոհերից 9-ի պաշտոնական ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Մարտի 1-ի զոհերի գործով մենք դիմել էինք ընդհանուր իրավասության դատարան՝ մինչև այդ նաեւ դիմելով դատախազություն, որպեսզի դատախազությունը վերացնի հատուկ քննչական ծառայության անգործությունը: Ընդհանուր իրավասության դատարանը համարել էր, որ մերժումն իրավաչափ է: Դրանից հետո Առաջին ատյանի որոշումը վիճարկել էինք Վերաքննիչ դատարանում, Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումները: Դա վիճարկել էինք Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանն էլ, բնականաբար, ինչպես գերակշռող դեպքերում, չընդունեց վարույթ:

9 զոհերին բաժանել էինք 4 խմբի ըստ ընդհանրությունների՝ նայած ինչ պատճառից է վրա հասել մահը եւ 4 խմբով ենք բողոքարկել: Կարծում եմ՝ 4 առանձին գանգատով առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կդիմենք Եվրոպական դատարան»- ասաց Արտակ Զեյնալյանը:

Նա նաեւ հավելեց, որ քաղբանտարկյալների գործերով գանգատներ արդեն ներկայացվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան. որոշ գործերով սկսվել է 2-րդ փուլը' պահանջում են վերծանել փաստաթղթեր եւ արձանագրություններ:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am