Նորություններ

ՄԻՊ. անդրադարձ 2008թ. մարտի հետևանքներին

25.04.2011

«2008 թ.-ի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան»,-ասում է Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը' բացատրելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն իրեն արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև' մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իր կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար:

Անդրադառնալով 2008թ.-ի մարտի իրադարձությունների հետևանքներին` Կարեն Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ «Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ»:

Ընդդիմության և իշխանության հակասական դիրքորոշումներն ըմբռնելով' Կ. Անդրեասյանը, այդուհանդերձ, վստահ է, որ երկու ճամբարներում էլ կգտնվեն կառուցողական քաղաքական երկխոսությունը և ազգային համերաշխությունը կարևորող հայրենակիցներ. «Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին»:

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 50-օրյա լռությունից հետո վերջին օրերին անդրադարձավ նաև սոցիալական ապահովության, հավաքների ազատության, սեփականության, խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքներին և բռնության ու խոշտանգումների խնդիրներին:  

Լրագրողների հարցերին Կ. Անդրեասյանը կպատասխանի վաղը' ապրիլի 26-ին:

Աղբյուրը` www.hra.am