Նորություններ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

03.05.2011

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանը նշում է մամուլի համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում։ Այսօր դատարաններում տասնյակից ավելի դատական գործեր կան ընդդեմ տարբեր լրատվամիջոցների, բացի այդ, ըստ օրերս հրապարակված միջազգային զեկույցների՝ Հայաստանում մամուլի իրադրությունը մտահոգիչ է։

Մայիսի 1-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշեց, որ Հայաստանում շարունակվում են լրագրողների հետապնդումները: «Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - ասվում է հայտարարությունում։

Երեկ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն' Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Մինչ միջազգային կառույցները գնահատում են մամուլի իրավիճակը Հայաստանում, տեղական լրագրողական կառույցները քննարկում են առկա խնդիրները, մեղավորներ գտնում և լուծումներ փնտրում։

Մայիսի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ Տեղեկատվական վեճերի խորհուրդի ստեղծումն  արդեն իսկ չեն ողջունել մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ «Բավական է՝ աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծեն, մամուլի նախարարություններ ձևավորեն»,- ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գևորգյանը նշել է, որ խորհրդի լիազորությունները Սահմանադրությամբ կամ օրենքով չեն սահմանվում և շատ հայեցողական են, ուստի իրենց կարծիքը այդ կառույցի գործունեության արդյունավետության վերաբերյալ բացասական է, և «Հայկական ժամանակը» այդ խորհրդի աջակցությանը չի դիմի։

«Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը մտահոգ է ոչ միայն մամուլի դեմ դատական գործերով, այլ նաև՝ լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով. «Նախ պետք է այդ դատական գործերի համար նախապատրաստել դատավորներին, հետո՝ լրատվամիջոցների կողմից էլ ոչ պրոֆեսիոնալիզմ կա: Եթե խորհուրդն անկախ և փաստարկված եզրակացություններ տա, ապա ամենակախյալ դատարանը և  ոչ պրոֆեսիոնալ գործող լրատվամիջոցը հաշվի կնստեն դրա հետ՝ որպես արդար մտքի»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ հայաստանյան մամուլը վերջին տարիներին ավելի շատ հետընթացի միտումներ է դրսևորել։ Ա. Մելիքյանը բարձրաձայնում է նաև քաղաքական գործիչների՝ իրենց հասցեին մամուլում հնչող քննադատությունը չհանդուրժելու մասին. «Մամուլի սուրբ պարտքն է քննադատությունը, դա համաշխարհային ստանդարտ է, բայց դա պետք է անել բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ պատասխանատվությամբ»։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանն էլ կոչ է անում յուրաքանչյուր լրագրողի նվաճել իր ազատության սահմանը. «Զարմանում եմ, որ չեք ընբոստանում ձեր խմբագիրների, հեռուստաընկերությունների ղեկավարների դեմ: Դուք ներքևից պետք է գրավեք այդ ազատությունը: Ոչ ոք ձեզ ազատություն չի տալու: Իշխանություններն ամենուր, ի բնե, ճնշում են ազատ խոսքը: Մենք պետք է պայքարենք, մենք պետք է նվաճենք խոսքի ազատությունը»։ Այս տարի Էդիկ Բաղդասարյանն է  արժանացել «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին՝ հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար։  

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուս» Հայաստանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակվել 1993 թվականի դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով: Այդ օրը աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում է, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am