Նորություններ

Ա. Հովսեփյան. բռնության, խոշտանգման դեպքերով հնչած յուրաքանչյուր հայտարարություն դարձնել քննության առարկա

11.05.2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի' մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին ներկայացրել է ՀՀ դատախազության համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, դատախազությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազը նշել է նաև, որ դիմել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակին' եվրոպացի փորձագետների կողմից դատախազության լիազորությունների և գործառույթների վերաբերյալ մոնիտորինգ կատարելու խնդրանքով' պարզելու համար, թե որքանով է այսօր ՀՀ դատախազական համակարգը համահունչ միջազգային չափանիշներին, ինչպիսի բարեփոխումների կարիք դեռևս կան:

Տիկին Հ. Ջունքերը ողջունելի է համարել նման մեծածավալ աշխատանքների կատարումը' հատկապես «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով քննության օրինականության հսկողության նկատմամբ դատախազների մասնագիտական վերապատրաստումների դասընթացների կազմակերպման համար: Տիկին Ջունքերը հետաքրքրվել է նաև թե ինչպիսի օրենսդրական դաշտ և գործնական փորձ է առկա խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերով:

Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին հանգամանորեն ներկայացրել է  ձերբակալման պահից մինչև դատական վախճան ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչված է հնարավորինս ապահովելու անազատության մեջ գտնվող մարդու, քաղաքացու իրավունքները: Մասնավորապես' համաձայն գործող կարգի, ինչպես նշել է ՀՀ գլխավոր դատախազը, երբ քաղաքացին բերման է ենթարկվում  ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, հենց տեղում ենթարկվում է բժշկական զննման:

«Եթե առկա են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, -ասել է Ա. Հովսեփյանը,-ապա դրանք անմիջապես տեղում ստուգվում են, պարզվում են դրանց պատճառման հիմքերը: Եթե քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը և քաղաքացուն տեղափոխում են մեկուսարան, ապա մեկուսարանում կրկին կալանավորվածը ենթարկվում է բուժզննման: Մարմնական վնասվածքների հայտնաբերման դեպքում կրկին նախապատրաստվում են նյութեր' պարզելու դրանց ստացման հիմքերը»:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը և հիմնավորվածությունը: Ա. Հովսեփյանը շեշտել է նաև, որ ցուցում է տրված բոլոր դատախազներին, որ դատարաններում, դատաքննության ժամանակ, ամբաստանյալի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության, խոշտանգման դեպքերով հնչած յուրաքանչյուր հայտարարություն դարձնեն քննության առարկա:

Ա. Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ:

«Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ' ոստիկանության աշխատակիցների  նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակն է: Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ և որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան են դատապարտվել»,- ասել է Ա. Հովսեփյանը:

Աղբյուրը' www.genproc.am