Նորություններ

FIDH–ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն պահանջում են իշխանություններից նոր քննություն իրականացնել Լևոն Գուլյանի գործով

12.05.2011

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH)
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համատեղ մամուլի հաղորդագրություն

Փարիզ - Երևան, Մայիսի 12, 2011
Մայիսի 12-ին լրանում է Լևոն Գուլյանի ողբերգական մահվան չորրորդ տարելիցը։ 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա կանչված Լևոն Գուլյանը մահացել է  ՀՀ ոստիկանության շենքում:  Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

Հաշվի առնելով այն փաստը, որ Գուլյանը շուրջ երեք օր մինչև  դեպքի պահն անց է կացրել ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որևէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն և ներկայացել, հետևաբար և փախուստի որևէ պատճառ չի ունեցել, բացի այդ նրա մարմնի վրա բռնության հետքեր են եղել. Մեր կազմակերպությունները լուրջ կասկածներ ունեն, որ Լևոն Գուլյանը, մինչև լուսամուտից ընկնելը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2011 թ. մարտի 21-ի որոշմամբ՝ երրորդ անգամ կարճեց Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված  քրեական գործը՝ առանց որևէ քննություն իրականացնելու։ Դա էապես հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 2010 թ. օգոստոսի 27-ի որոշմանը՝ «վերացնել անձի՝ նախաքննության ընթացքում թույլ տրված  իրավունքների և ազատությունների խախտումները»։

«Պետությունը պետք է վերսկսի  Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ գործի քննությունը և իրականացնի անկողմնակալ ու անկախ  քննություն մահվան հանգամանքները բացահայտելու համար: Լիարժեք քննության բացակայությունը  խարխլում է Հայաստանի քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ,-ասում է  FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը։ Իր հրապարակային ուղերձում նա ընդգծեց2. «Սա եզակի դեպք չէ. խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս բոլոր դեպքերը ևս պետք է հրապարակայնորեն դատապարտվեն»:

Նման քննության բացակայության պարագայում, ՀՀ իշխանություններն են  պատասխանատվություն կրում Լևոն Գուլյանի մահվան  համար, քանի դեռ մեղավոր անձինք  հայտնաբերված չեն (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վելիկովն ընդդեմ Բուլղարիայի, Անգելովան ընդդեմ Բուլղարիայի որոշումներ)։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն կոչ են անում ՀՀ իշխանություններին՝

  • Իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն
  • Պատասխանատվության ենթարկել մեղավորներին
  • Գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն։

1 Տես 2007թ. և 2009թ. հաղորդագրությունները
http://www.fidh.org/Armenia-Witness-to-a-shooting-dies-in-custody  
http://www.fidh.org/JOINT-PRESS-RELEASE-International-Federation-for

2 Դիտեք տեսանյութը՝  hra.am/am/point-of-view/2011/05/11/gulyan