Նորություններ

Դատախազությունը չէր հասցրել իր դիրքորոշումը ներկայացնել դատարան

16.05.2011

Լևոն Գուլյանի գործով դատական նիստը մայիսի 13-ին հետաձգվեց, որովհետև ՀՀ դատախազությունը չէր հասցրել ներկայացնել իր դիրքորոշումը։

«Իսկապես չհասցրեցի Գլխավոր դատախազության վարչական շենք մտնել ու նոր գալ դատարան, շատ ծանրաբեռնված ենք մենք։ Հիմա եկել եմ, որ հաջորդ նիստի օրը համաձայնեցնենք»,- hra.am-ին պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարեց դատախազության ներկայացուցչի միջնորդությունը՝ հետաձգել դատական նիստը։  ՀՀ գլխավոր դատախազությունը նախապես գրավոր տեղեկացրել էր դատարանին, որ այլ դատական գործով ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանա ներկա գտնվել Գուլյանի գործով այս դատավարությանը։

«Ես զբաղված էի Արարատի և Վայոց Ձորի առաջին ատյանի դատարանում ու  մտածում էինք չեմ հասցնի գալ, դրա համար նախապես տեղեկացրել էինք։ Մենք առարկություն ունենք բողոք ներկայացրած անձանց իրավահաջորդ լինելու հետ կապված, ինչպես նաև՝ պետք է ներկայացնենք մեր տեսակետը»,-ասաց Հ. Հարությունյանը։  

Հիշեցնենք, որ 4 տարվա ընթացքում 3 անգամ ներպետական դատական բոլոր ատյանները կարճել են Լևոն Գուլյանի գործի քննությունը:  Այժմ Լևոն Գուլյանի իրավահաջորդները նորից են դիմել դատարան։ Նիստը կշարունակվի մայիսի 17-ին՝  9։30։

Աղբյուրը՝ www.hra.am