Նորություններ

Մարտի 1–ի գործ. դատախազության դռները բաց են լրագրողների համար

16.05.2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով  նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները' քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ  յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:

ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը' բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:

«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին' ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի-կոնֆերանսների դահլիճում / ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50/:

Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա սույն թվականի մայիսի 25-ին: Խնդրվում է բոլոր լրագրողներին ներկայանալ լրագրողական գործունեությունը հաստատող համապատասխան փաստաթղթերով:

Աղբյուր՝ www.genproc.am