Նորություններ

Հատուկ քննչական ծառայություն. «Լևոն Գուլյանը նպատակասլաց գործողություններ է արել, որոնք հնարավոր չէ մանեկենով վերարտադրել»

17.05.2011

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը  չկատարելով Հայաստանի Հանրապետության դատական բարձագույն ատյանի՝ Վճռաբեկ դատարանի որոշումը, իրեն իրավունք է վերապահում գնահատել վճռաբեկ որոշմամբ պարտադիր համարվող գործողությունների նպատակահարմարությունը։

Մայիսի 17-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքի քննությունը։ Գուլյանի իրավահաջորդները բողոքարկում են Հատուկ քննչական ծառայութան քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը։ Պետրոսյանը նպատակահարմար չի գտել կատարել Վճռաբեկ դատարանի որոշումը. «վերացնել քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների եւ ազատությունների խախտումները»։

Դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը ներկայացրեց երկու առարկություն. տուժողի իրավահաջորդների կարգավիճակի եւ բողոքի օրինականության վերաբերյալ։ Հարությունյանը ներկայացրեց հանգամանքներ, ըստ որի՝ Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանը եւ Արամ Կարախանյանը բողոք ներկայացնելու պահին լիազորված չեն եղել, այսինքն՝ նրանց ունեցած լիազորագրի ժամկետը լրացած է եղել։

Այս փաստարկին անդրադարձել են Գուլյանի ներկայացուցիչներն իրենց  բողոքում։ Բացի այն, որ փաստաբանները հղում են կատարել ՀՀ  քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին, որոնց համաձայն՝ լիազորագրի առկայությունը փաստաբան-ներկայացուցչի լիազորությունների ճանաչման հիմք չի հանդիսանում, նրանք նաև փաստել են, որ  ՀՀ Վճռաբեկ դատարանը Ղուկասյանի եւ Կարախանյանի լիազորությունները ճանաչել է նրանց ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, քննարկելու եւ նիստերին նրանց լսելու և բողոքը բավարարելու տեսքով։

Ավագ դատախազ Հարությունյանի մեկնաբանմամբ'ոստիկաններից որեւէ մեկի արարքում հանցակազմ չգտելու հիմքով գործը չի քննվել: Իսկ թե ինչու չի կատարվել Վճռաբեկ դատարանի որոշումը ու  քայլեր ձեռնարկվել մանեկեն ձեռքբերելու և փորձարարություն կատարելու համար, պարզաբանվեց այսպես.  «Գուլյանը նպատակասլաց գործողություն է արել, որոնք հնարավոր չէ մանեկենով վերարտադրել»։ Հիշեցնենք, որ ըստ Գուլյանի մահվան մինչ այժմ քննարկվող վարկածի' Գուլյանը պատուհանից թռել է  մեջքի վրա, այսինքն' այստեղ նպատակասլացության խնդիր չկա: Թերեւս սա էր պատճառը, որ դատախազ Հարությունյանն իր խոսքում Գուլյանի  ենթադրյալ գործողությունները մեկ համարում էր նպատակասլաց, մյուս դեպքում՝  ոչ նպատակասլաց։

Չնայած այսօր դատարանում քննվում էր Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գաբրիել Պետրոսանի' Գուլյանի գործի վարույթը կարճելու մասին որոշումը, այդուհանդերձ, դատախազությունը մանրամասն ներկայացրեց այն գործը, որով որպես վկա կանչվել էր Լևոն Գուլյանը, եւ որը ոչ մի առնչություն չուներ այսօր քննվելիք բողոքի հետ։

Փաստաբան Հրայր Ղուկասյանը դատարանին տեղեկացրեց, որ դատախազության կողմից ներկայացված մի շարք փաստական նյութեր չեն բխում քրեական գործից, առարկությունները չեն համապատասխանում իրականությանը, ներկայացված են թերի և աղավաղված։

Դատավոր Խանդանյանն ավարտված համարեց դատաքննությունը: Դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 25-ին՝ ժամը 16։00-ին։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը' www.hra.am