Նորություններ

Դատավոր Խանդանյանը բավարարեց Գուլյանի իրավահաջորդի բողոքը

25.05.2011

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Խանդանյանը վճռեց բավարարել Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը և պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայութանը վերսկսել գործի քննությունը: Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել էին Հատուկ քննչական ծառայութան (ՀՔԾ) քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը: Չնայած Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ «վերացնել քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները», Պետրոսյանը գործը կարճել էր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

Դատական ատյանները բազմիցս պարտավորեցրել են Հատուկ քննչական ծառայութանը վերսկսել գործի քննությունը թերությունները վերացնելու համար, սակայն այդպես էլ քննիչ Գաբրիել Պետրոսյանը  քննություն չի իրականացնում:

Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը նշել է, որ այս գործով ներպետական ատյաններում իրավունքի պաշտպանության միջոցները ոչ արդյունավետ են:

«Մենք, այդուհանդերձ, նյութեր ենք պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար, որովհետև մենք ծանոթ ենք Հատուկ քննչական ծառայության այս գործով որդեգրած գործելակերպին և կայացրած խայտառակ որոշումներին», - ասաց Հրայր Ղուկասյանը:

Արդեն չորրորդ անգամ դատարանները պարտավորեցնում են Հատուկ քննչական ծառայությանը կատարել քննություն:

«Յուրաքանչյուր անգամ դատարանի պարտավորեցնելուց հետո կատարվում են քննչական գործողություններ և հանգում ենք նույն հետևության»,- պարզաբանեց ավագ դատախազ Հարություն Հարությունյանը:

Այս գործը մշտապես վարում է Հատուկ քննչական ծառայութան քննիչ Գաբրիել Պետրոսյանն և իրավիճակը շտկելու համար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առնվազն պետք է իրացնի իրեն ի պաշտոնե տրված իրավունքը և գոնե այս անգամ՝ չորրորդ անգամ, այլ քննիչի հանձնարարի դատարանի որոշումը կատարելու պարտավորությունը:

Դատավոր Խանդանյանի կայացրած որոշումը  10 օրվա ընթացքում հնարավոր է բողոքարկել. «Կծանոթանանք վճռի բովանդակությանը և կկայացնենք որոշում՝ բողոքարկել, թե՝ոչ»,- ասաց ավագ դատախազ Հարություն Հարությունյանը:

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am