Նորություններ

Եթե ուզենային, հենց հաջորդ օրը կբացահայտեին մարտի 1–ը

26.05.2011

«Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով' համաներման ակտն ունի միայն մեկ խնդիր' «դուր գալ միջազգային հանրությանը», որպեսզի ֆինանսավորումը շարունակեն:

Նրա խոսքերով' միջազգային ճնշումը պայմանավորված է նրանով, որ Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների գնահատականներից շատ բան է կախված. նրանց հրապարակած զեկույցներին հետևում են ֆինանսներ տրամադրող բոլոր կառույցները և եթե տեսնեն, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը վատ է, գումարներ չեն փոխանցի:

Իրավապաշտպանը չի բացառում նաև, որ իշխանությունները նպատակ ունեն լիցքաթափել քաղաքական մթնոլորտը, սակայն դա էլ, ըստ նրա, պարտադրված է դրսից: «Ասել են' «վատ կլինի ձեր վիճակը», և վատ է լինելու, եթե այսպես շարունակվի, որովհետև, ի վերջո, դա բերելու է քաղաքացիական բունտի»,- ասում է Դանիելյանը' հավելելով, որ եթե ներքին ճնշում և մասսաների դժգոհություն չլիներ, միջազգային ճնշումը չէր լինի:

Համաներման արդյունքում ազատ արձակված մարդկանց՝ հասարակություն ինտեգրման խնդիրը բաց է. «Ոչ մի աշխատանք չի տարվում նրանց հետ ու նորից են նստելու էդ մարդիկ, որովհետև Հայաստանում այսպիսի մեխանիզմ կա' մեկը գողություն արեց, նստեց, դուրս գալուց հետո, եթե նրանց «քուչում» գողություն արեցին, էլի էդ մարդու վրա են գցելու»։

Մարտի 1-ի գործով վերջին շրջանում զգացվող ակտիվությունը Միքայել Դանիելյանը նույնպես պայմանավորում է «արտասահմանի փողով» և միջազգային կառույցներին դուր գալու ձգտումով: Մարտի 1-ը եթե ուզենային բացահայտել, կբացահայտեին մարտի 2-ին»,- համոզված է նա:

«Փաստահավաք խումբն արեց ամեն ինչ, Տիգրան Պասկևիչյանը ֆիլմը նկարեց, ձեռքները տվեց, էլ ի՞նչ են ուզում: Ուզում են, որ մարդ վեր կենա ասի' «հա´, ե´ս եմ սպանել»: Չի´ լինելու նման բան, որովհետև էն մարդը, ով որ կասի' «ես եմ սպանել», կասի նաև «այ այս մարդն է ինձ ասել», իսկ այդ մարդը կասի' «ինձ էլ այ նա է ասել» ու այսպես գնալու է հասնի մինչև շտաբ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կողքը գտնվում էր Սերժ Սարգսյանը»,- ասում է Միքայել Դանիելյանը' կանխատեսելով, որ « մի տարի կձգեն, կպրծնեն»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am