Նորություններ

Թունաքիմիկատների գերեզմանոցը ոչնչացնելու համար մեծ գումարներ են հարկավոր

01.06.2011

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ակտիվ սողանքների հետևանքով առաջացած վտանգի մասին էկոլոգները սկսել են բարձրաձայնել 2001թ.-ից սկսած, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով խնդիրը վերջնական լուծում չի ստացել։

Մայիսի 31-ին Ստոկհոլմի կոնվենցիայի 10-րդ տարեդարձը Հայաստանում նշանավորվեց համաժողովով: Հատուկ վտանգավոր քիմիական նյութերից մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ստոկհոլմյան միջազգային համաձայնագրին Հայաստանը միացել է 2003-ին։

Համաժողովը կազմակերպել էին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպության և չեխական «Արնիկա» ասոցիացիան։ Նրանք ուսումնասիրել են  Հայաստանի ժամկետանց և արգելված թունաքիմիկատների 5 թեժ կետերը, որի արդյունքները ներկայացվեցին համաժողովի ընթացքում։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից, Ջրառատի, Էջմիածնի և Մասիսի թունաքիմիկատների նախկին պահեստների տարածքից և Ալավերդու պղնձի արտադրության թափոնների գերեզմանոցից վերցված օդի, ջրի, հողի և սննդի նմուշների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ վտանգավոր նյութերի առկայությունը նորմայից բարձր է։ Այս մասին համաժողովի ժամանակ նշեց «Արնիկա»-ի ներկայացուցիչ Յինդրիխ Փեթրլիկը։

«ԴԴՏ-ի (վտանգավոր թունաքիմիկատ-հեղ.) մեծ քանակություն է հայտնաբերվել հատկապես Ջրառատում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թունաքիմիկատները ոչնչացնելու համար դրանք այրելը նույնպես խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար։

Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը վստահեցնում է, որ բույսերի աղտոտվածության խնդիրն այնքան մեծ չէ, որքան ներկայացնում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունները։

Կ.Եսայանը շեշտեց, որ նմուշները վերցվել են ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերից, այլ թույների պահեստների տարածքից, որտեղ տարիներ շարունակ պահվել են տարբեր թունաքիմիկատներ, այդ թվում ՝ ԴԴՏ։ «Իսկ ինչ վերաբերում է Ջրառատում հայտնաբերված մեծ քանակությամբ ԴԴՏ-ին, դա արդեն իսկ տեղափոխվել է փակ տարածք»,- նշում է Եսայանը՝ չբացառելով, որ թույների փոքր քանակ գուցե մնացել է։

Կարինե Եսայանը վստահեցրեց, որ վտանգավոր և արգելված թունաքիմիկատներ ներկայումս Հայաստան չեն ներկրվում և չեն վաճառվում. «Նախարարության  կողմից և մաքսային կետերում վերահսկողությունը բավականին խիստ է»։ Սակայն նա չի բացառում, որ հնարավոր է առանձին մարդիկ խորհրդային տարիներից իրենց տներում գաղտնի պահած լինեն, օրինակ՝ ԴԴՏ, և դրանք օգտագործեն բույսերի մշակման մեջ։

Համաժողովի ժամանակ էկոլոգները ևս մեկ անգամ ահազանգեցին, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում և թունաքիմիկատների նախկին պահեստներում կուտակված ժամկետանց և վտանգավոր թույները անմիջական սպառնալիք են մարդկանց առողջության համար։ Դրանք կարող են արտանետվել շրջակա միջավայր՝ օդի, ջրի և բույսերի մեջ, և ներթափանցելով մարդկանց օրգանիզմ՝ առաջացնել նյարդային և շնչառական համակարգերի, երիկամների հիվանդություններ, խթանել չարորակ նորագոյացությունների զարգացումը։

Ըստ մասնագետների մոտավոր հաշվարկների՝ թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված է մոտ 500 տոննա, իսկ նախկին պահեստներում և այլ վայրերում մոտ 100 տոննա թունաքիմիկատ կա։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն Նուբարաշենի գերեզմանոցում թաղված թունաքիմիկատների վնասազերծման համար դիմել է այդ խնդրով զբաղվող ֆրանսիական կազմակերպության, որի մասնագետները եկել են Հայաստան, գնահատում են իրականացրել և բավականին մեծ գումարներ են պահանջել գերեզմանոցը ոչնչացնելու համար։

Նույն խնդրով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և գրեթե նույն պատախսանը ստացել։

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը ստեղծվել է 1982 թ.-ին։ Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի՝ այն ժամանակ տեղանքում չեն կատարվել համապատասխան ինժեներա-երկրաբանական հետազոտություններ, իսկ տարիներ հետո պարզվել է, որ այն գտնվում է Ողջաբերդի ակտիվ սողանքային գոտում։

Մինչև 1991թ. գերեզմանոցը պատկանել է «Հայգյուղքիմիա» միավորմանը, իսկ միավորման լուծարումից հետո մնացել է առանց գերատեսչական ենթակայության։

Կարեն Կարապետյանը լուրջ խնդիր է համարում այն, որ բետոնե գերեզմանոցում թունաքիմիկատները թաղվել են առանց տեսակավորման, պատշաճ փաթեթավորման և վրան լցվել է հողաշերտ, որը նույնպես վարակված է և վտանգավոր։

«Տարբեր թունաքիմիկատներ լցվել են իրար գլխի և սողանքները նպաստել են, որ խառնվեն իրար։ Մետաղական կոնստրուկցիաները, որոնց մեջ եղել են, փտել են և նյութերը կոնտակտի մեջ են ու չի բացառվում, որ տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ։ Բացի այդ, լուրջ խնդիր է այն, որ եթե ոչնչացման աշխատանքներ սկսվեն, ինչպես են դրանք բաժանվելու միմյանցից և հնարավո՞ր է դա թե ոչ»,- ասում է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ սողանքներից բացի գերեզմանոցը 2 անգամ քանդվել է մարդկանց միջամտությամբ 2008-ին և 2010թ-ին։ Անհայտ անձինք տրակտորով փորել են գերեզմանոցի վերին շերտը, որի հետևանով թաղված թույները դուրս են եկել մակերես։ Դեպքերից հետո Կառավարությունը միջոցներ է հատկացրել գերեզմանոցի ապահովությանը ուղղված միջոցառումներ կատարելու նպատակով։ Թույները ծածկվել են կավաշերտով, տարածքը ցանկապատվել է, կառուցվել է ջրահեռացման համակարգ։  

Բարեկարգումից հետո գերեզմանոցի երկարությունը 130մ է, լայնությունը՝ 30մ, իսկ մակերեսը 31.200 քառակուսի մետր, այն ցանկապատված է և հսկվում է ոստիկանության աշխատակցի կողմից։

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս ծրագրով կավարտվի ուսումնասիրությունների փուլը և կսկվեն գործնական աշխատանքներ խնդրի վերջնական լուծման համար։ «Տարածքը սողանքային է և երկար այդ վիճակում չի կարող մնալ։ Որքան շուտ թունաքիմիկատները ոչնչացվեն, դա կլինի այնքան հեշտ և էժան»,- նշում է Կարապետյանը՝ առաջարկելով բանակցություններ վարել միջազգային դոնորների հետ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am