Նորություններ

Թոմաս Մելիայը հետաքրքվել է մարտի մեկյան սպանություններով

14.06.2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հունիսի13-ին ընդունել է ԱՄՆ-ի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Թոմաս Մելիայը հետաքրքրվել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքով' մասնավորապես 10 անձի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներով։

Ա. Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները' քննչական գործողությունները, փորձաքննությունների արդյունքները, եզրակացությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը ՀՀ գլխավոր դատախազի ուղարկած հանձնարարականները, միջնորդագրերը' օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, միջազգային բազում կազմակերպությունների' այդ թվում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին փորձագիտական և մասնագիտական աջակցության համար ուղղված դիմումները, նամակները:

Աղվան Հովսեփյանը շեշտել է, որ այս պահին ևս պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետի, մասնագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմին:

«Քրեական գործով կազմվել է ավելի քան 300 հատոր, ուսումնասիրվել են բազում տեսաձայնագրություններ, վերարտադրվել է զանգվածային անկարգությունների ընդգրկման գրեթե ողջ տարածքը, հստակեցվել են մահացած անձանց դեպքերի վայրերը, փորձաքննության են ուղարկվել բոլոր այն հատուկ միջոցները, զենքերը, որոնք այդ օրը եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների, զինծառայողների մոտ, առգրավվել են զորամասերի մատյանները, որոնցում գրանցվել է, թե ովքեր են զենք ստացել, ով քանի փամփուշտ է ստացել, ով քանիսն է վերադարձրել»,- նշել է Ա. Հովսեփյանը:

Նա նշել է նաև, որ նկատի ունենալով հանրության հետաքրքրվածությունը մարտի 1-ի դեպքերի քննության ընթացքով, ինչպես նաև հանրության հետ ակտիվ շփումներ ձևավորելու արդյունքում նոր հանգամանքների, նոր ապացույցների, նոր վկաների ի հայտ գալու նկատառումով' քննչական խմբի ղեկավարին և դատավարական ղեկավարում իրակականացնող դատախազին հանձնարարվել է ամիսը 2 անգամ հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպել «բաց դռների» օր:

Թ. Մելիայը հետաքրքրվել է նաև, թե մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ի՞նչ արդյունքներ կան, նախաքննական մարմնին հաջողվե՞լ է արդյոք անհատականացնել մեղավոր անձանց շրջանակը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հաղորդմամբ' քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանը Թոմաս Մելիային տեղեկացրել է, որ քննչական գործողությունները երբևէ չեն կասեցվել, նախաքննական մարմինը մշտապես աշխատանքներ է կատարել հանցագործությունների բոլոր դեպքերի, դրվագների և հատկապես մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ:

«ՀՀ նախագահի հանձնարարականից հետո լրացուցիչ համալրվել է քննչական խումբը, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, հարցաքննվել է ավելի քան 70 վկա, տրվել է մեկ տասնյակից ավելի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարական, մեկ անգամ ևս վերանայվել են հնարավոր բոլոր վարկածները, ապացուցողական բազան: Ակնկալվում է հարցաքննել մոտ 500 անձի, ովքեր եղել են դեպքի վայրում»,- ասել է Վ. Հարությունյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կատարված աշխատանքով հանդերձ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձի մահվան հանգամանքները. «Այդ առումով օբյեկտիվ են հասարակական, քաղաքական շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող հարցադրումները: Սակայն օբյեկտիվ են նաև այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում: Նախաքննական մարմինը իր լիազորությունները, իր գործառույթները իրականացնում է քրեաիրավական հարթությունում: Մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց պատասխանատվություն սահմանող մեղադրանքը անհատականացնելու համար անհրաժեշտ է բավարար ապացուցողական բազա, որպեսզի դատարանում հնարավոր լինի ապացուցել այն»։