Նորություններ

ԵԴ-ն ճանաչեց սեփականատիրոջ խախտված իրավունքը, բայց փոխհատուցման գումարը «սիմվոլիկ» է

15.06.2011

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Նելի Մինասյանի և Ելենա Սեմերջյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ճանաչել է նրանց սեփականության խախտված իրավունքը (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնովենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդված):

Եվրադատարանը հայցը բավարարել էր դեռ 2009թ. սեպտեմբերի 23-ին' հաստատելով, որ «սեփականությունից զրկելը չի համապատասխանում օրինականության չափանիշներին»: Սակայն սեփականության դիմաց փոխհատուցման գումարի չափի մասին որոշումը կայացվել է 2011-ի հունիսի 7-ին: ԵԴ որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը Նելի Մինասյանին և Ելենա Սեմերջյանին պետք է փոխհատուցի ընդհանուր առմամբ 14.500 եվրո, որից 8000-ը' կրած նյութական վնասի դիմաց, 4000-ը' բարոյական, իսկ 2.500 եվրոն կատարված դատական ծախսերի դիմաց:

Հանրային' բացառիկ գերակա շահ ճանաչված Երևանի Փ.Բյուզանդի փողոցի 9 հասցեն 2004-ին իրացվել է պետական կարիքների համար: Կառուցապատողը տարածքի նախկին սեփականատիրոջը 26 քմ դիմաց առաջարկել է 6.000 ԱՄՆ դոլար փոխհատուցում, ևս 6000 դոլար առաջարկել է խրախուսման գումար տարածքը շուտ ազատելու դիմաց: Սեփականատերը հրաժարվել է պայմանագիր ստորագրել առաջարկվող չնչին գումարով և դիմել է դատարան: Ներպետական բոլոր դատական ատյանները սպառելուց և վտարվելուց հետո Նելի Մինասյանը և Ելենա Սեմերջյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում էին մոտ 200.000 եվրո փոխհատուցում' 133.000-ը գույքի, իսկ մնացածը կրած նյութական և բարոյական վնասների համար: Դատարանը փոխհատուցման գումարը որոշելիս իր ձեռքի տակ չի ունեցել հիմնավոր ապացույցներ գույքի իրական արժեքի վերաբերյալ և հենվել է պետության կողմից ներկայացված տվյալների վրա:

«Դատարանը պատճառաբանել էր, որ քանի որ չկա գույքը, իրենք չեն կարող գնահատման վերաբերյալ եզրահանգում անել' փոխհատուցումը համաչա՞փ էր գույքին, թե՞ ոչ և ինչ-որ սիմվոլիկ գումար են որոշել»,- ասում է հայցվորների փաստաբան Լիզա Գրիգորյանը:

Նա ԵԴ որոշումը համարում է «վտանգավոր». «Ստացվում է, որ պետությունը կարող է վերցնել գույքը' չնչին փոխհատուցում տալով, հետո վերացնել այդ գույքը, և դատարանը ոչ մի կերպ չի կարողանալու պատկերացում կազմել, թե ինչքան է շուկայական գինը»:

Փաստաբանի խոսքերով' թեև Եվրադատարանի վճիռը բարոյական հաղթանակ էր, սակայն սեփականատիրոջ համար ամենակարևորը համարժեք փոխհատուցումն է, որը, փաստորեն, չապահովվեց:

Նշենք, որ իրացման գոտու բնակիչների անունից ավելի քան 25 գանգատ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից երեքը բավարարվել են, երկուսը՝ մերժվել:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը համոզված է, որ սեփականության իրավունքի խախտման բոլոր հայցերը բավարարվելու են: «Այդ բոլոր գործերով պարտվելու է մեր պետությունը և փոխհատուցումը պետբյուջեից է տրվելու։ Եթե տեղական դատարանների վճիռներով մեր իրավունքները պաշտպանվեին, մեզ հատուցելու էր կառուցապատողը։ Բայց այսօր կառավարությունն ու բիզնեսն իրար մեջ սերտաճել են, բյուջեի մասին ոչ ոք չի մտածում»,- նշում է նա' ավելացնելով, որ չէր ցանկանա, որ խնդիրը նման լուծում ստանար:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am