Նորություններ

Համաներման որոշումը տարածվեց նաև Խալաֆյանին բռնությունների ենթարկած ոստիկանների նկատմամբ

15.06.2011

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Աիդա Հովհաննիսյան) հունիսի 15-ին մերժել է անցած տարվա ապրիլին Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները:

Դատարանը կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից:

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք էին բերել թե´ մեղադրող, թե´ պատասխանող կողմերը:

Դատախազությունը բողոքարկել է օպեր-լիազորներ Գագիկ Դավթյանի և Գարիկ Ղազարյանի արդարացման վճիռը: Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պնդում է, որ Վահան Խալաֆյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան խոշտանգել ու սպանել են, և պահանջում է համարժեք պատիժ կիրառել գործով ամբաստանյալ ոստիկանների նկատմամբ: Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը բողոքարկել է իր նկատմամբ կիրառված 8 տարի ազատազրկումը: Օպերլիազոր Մորես Հայրապետյանը, ում վերաբերյալ առաջին ատյանի դատարանը կայացրել է երկու տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում, պահանջում է իրեն արդարացնել:

Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում: «Դատարանի կայացրած ակտը, համաներման առումով, հավաստեց մեր պնդումներն առ այն, որ եթե ոստիկանը չի դատապարտվում խոշտանգման համար, այլ դատապարտվում է կարգը խախտելու, պաշտոնական դիրքը չարաշահելու կամ իշխանազանցության համար, ապա նրա վրա համաներումը տարածվում է: Նա իրականում խոշտանգման համար չէ, որ դատապարտվում է, իրավունքը ոտնահարելու, խախտելու համար չէ, որ դատապարտվում է, այլ ինչ-որ կարգ խախտելու»,- ասում է փաստաբանը' հավելելով, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում կա լուրջ համակարգային խնդիր: Իսկ Դատախազության կողմից առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկումը նա համարում է «ձևական, զուտ արարողակարգային» և կարծում է, որ առանց Դատախազության հետ համաձայնեցնելու նման որոշում չէր կայացվի:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am