Նորություններ

Թող դատարանն էլ իրականացնի նախաքննություն. առաջարկում է ավագ դատախազ Հարություն Հարությունյանը

30.06.2011

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Խաչատրյան) մերժեց ՀՀ գլխավոր դատախազության՝ Գուլյանի գործով բողոքը։

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը խնդրում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի մայիսի 25-ի վճիռը  և կայացնել նոր դատական ակտ։

Մայիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Խանդանյանը վճռեց բավարարել Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը և պարտավորեցրեց Հատուկ քննչական ծառայությանը վերսկսել գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքարկել էին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչ Գաբրիել Պետրոսյանի որոշումը: Չնայած Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ «վերացնել քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները», Պետրոսյանը գործը կարճել էր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանն այսօրվա նիստին հրավիրել էր նաև  քննիչ Գաբրիել Պետրոսյանին, սակայն նա չէր ներկայացել դատարան. «Անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու պատճառով չի  ներկայացել,- մեկնաբանեց ավագ դատախազ Հարությունյանը, - ես եմ բողոքը ներկայացրել, կարծում եմ կարիք չկա նրա ներկայությանը սպասելուն»։

Հարություն Հարությունյանը դատարանում պնդեց իր բողոքը և իր խոսքում բազմապիսի որակումների արժանացրեց դատական ատյանին։ Հարությունյանի կարծիքով՝ առաջին ատյանը թույլ է տվել դատական սխալ, իսկ դատավոր  Խանդանյանը հասարակական որոշակի շրջանակի բավարարելով՝ որոշում կայացրել։

Նույն գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ նախատեսվող քննչական գործողություններ կատարելու մասին էլ դատախազությունն առաջարկեց. «թող դատարանն էլ իրականացնի նախաքննություն»։

Լևոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն առարկեցին բողոքն ամբողջությամբ. «Բողոքը չի բխում քրեական գործից և ըստ էության միտված է բողոքը կենտրոնացնել  մեկ քննչական գործողության վրա՝ փորձելով շեղել դատարանին գործի բուն էությունից»,- ասաց փաստաբան Հրայր Ղուկասյանը։

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ մանեկենի կիրառմամբ փորձաքննություն կատարելու համար այլ երկրներից մանեկեն ձեռք բերելուն ուղղված հնարավոր աշխատանքներն ավագ դատախազ Հարությունյանը համարեց «գրագրություն և աչքակապություն»։

Այսօրվա նիստից պարզ  դարձավ, որ դատախազությունը գրագրությամբ չի պատրաստվում զբաղվել, եթե նույնիսկ այդ գրագրության արդյունքում պետք է իրականացվի արդարադատության վերին ատյանի՝ Վճռաբեկ դատարանի որոշումը և գուցե բացահայտվի հանցագործություն։

Լևոն Գուլյանի գործն ընթանում է ավելի քան 4 տարի և արդեն 3 անգամ բեկանվել է դատախազության՝ գործը կարճելու որոշումը. բոլոր դեպքերում էլ գործը քննել է նույն քննիչը՝ Գաբրիել Պետրոսյանը։

Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման 15 օրվա ընթացքում։Հ. Հարությունյանի խոսքով՝ դատախազությունը միանշանակ բողոքարկելու է այն։  

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am

Աղբյուրը՝ www.hra.am