Նորություններ

«Ունենք այն, ինչ ունենք». «Մարտի 1»–ի գործով նոր բացահայտումներ չկան

27.07.2011

«Մարտի 1-ի» գործով դեռևս չի հաջողվել ձեռք բերել նոր ապացույցներ կամ փաստեր, որոնք հիմք կտային ասելու, որ բացահայտման նոր ուղղություն է նախանշվում։

Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հաղորդեց, որ ներկայումս նորից հարցաքննվում են դեպքի օրը ծառայություն իրականացրած ոստիկանները, աշխատանքներ են տարվում նոր վկաների և ապացույցների հայտնաբերման ուղղությամբ։

«Եթե լիներ դրական արդյունք, կդարձվեր քննության առարկա, կստուգվեր ձեռք բերված օպերատիվ տվյալն ու քրեական գործի շրջանականերում կտրվեր գնահատական, բայց ունենք այն, ինչ ունենք: Սակայն դա չի նշանակում, որ օպերատիվ ծառայությունները ոչինչ չեն անում»,- ասում է Վ.Հարությունյանը։ 

Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է չպարզված զենքից արձակված շուրջ 343 պարկուճ, որոնք, ամենայն հավանականությամբ, արձակված չեն եղել ոստիկանության ուժերի սպառազինության տակ գտնվող զենքերից։

Նա հավաստիացրեց, որ նախաքննական մարմինը շարունակում է ակտիվ քննչական գործողությունները 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի հանգամանքների լիարժեք բացահայտման ուղղությամբ։

ՀՀ  գլխավոր դատախազի ցուցումով «Մարտի 1-ի» քրեական գործով անցկացվող «բաց դռների» շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմումը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 12-ին, Դատախազության դպրոցում:

Աղբյուրը՝ www.hra.am