Նորություններ

Հովակիմյանը գողության պահին եղել է բուքմեյքերական գրասենյակում

21.10.2011

Հոկտեմբերի 21-ին շարունակվեց «Մոսկվա» կինոթատրոնի գործով դատաքննությունը. վկաները նշեցին, որ Ստեփան Հովակիմյանը գողության պահին չի եղել կինոթատրոնի տարածքում և ձերբակալվելուց մեկ ամիս առաջ մի քանի անգամ նրան կանչել են ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ (ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Տղաները մեղադրվում են կինոթատրոնից 5 մլն ութսուն հազար  դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Քրեական գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Մխիթար Պապոյան):

Գործի նյութերով՝ Ստեփանը պարտքերի պատճառով գողություն է կատարել:«Ստեփանը երբեք մեծ պարտքեր չի ունեցել, եթե ունենար, ես այդ մասին առաջինը կիմանայի»,- իր ցուցմունքի մեջ նշեց նրա ընկերներից Սերգեյ Մովսիսյանը (նրան գողության հաջորդ օրը տարել են ոստիկանություն):

Ոստիկանության ներկայացուցիչը նախորդ նիստերին հերքել է  Հովակիմյանին մի քանի անգամ (նաև առաջին անգամ իր ընկերների հետ) ոստիկանություն բերման ենթարկելու փաստը: Ոստիկանությունից նշում են, որ գողության մասին տեղեկացել են դեպքից միայն մեկ ամիս անց, երբ կինոթատրոնի ղեկավարությունը դիմել է իրենց:

Գործով հարցաքննվողներն այսօր ցուցմունք տվեցին այն մասին, որ Ստեփան Հովակիմյանին իրենց հետ տարել են ոստիկանություն գողության հենց հաջորդ օրը: Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին ներկայացրեց մի փաստաթուղթ, որն ապացուցում է գողության հենց հաջորդ օրը Ստեփանի ընկերներից երկուսի ոստիկանությունում գտնվելը. նրանք բացի «Մոսկվա»  կինոթատրոնի գործով ցուցմունք տալը, մեկ այլ գործի շրջանակներում մասնկացել են նույնականացման:

Դատարանում հարցաքննվողներից Արմեն Պապյանն այսօր հայտնեց, որ գողությունը կատարելու ժամանակահատվածում ինքը Ստեփան Հովակիմյանի հետ եղել է Եզնիկ Կողբացի փողոցի վրա գտնվող բուքմեյքերական գրասենյակում և կատարել է խաղադրույքներ:

Այսօրվա նիստին հնչեցին մի քանի միջնորդությունները: Դատախազը միջնորդեց դատարանին նյութեր ստանալ Հովակիմյանի՝ խոշտանգման արդյունքում ցուցմունք կորզելու առիթով քրեական գործ հարուցելու մերժման վերաբերյալ: Դատարանը բավարարեց միջնորդությունը պայմանով, որ կպահանջեն այդ փաստաթղթերը միայն դրանց առկայության դեպքում, քանի որ ամբաստանյալի փաստաբանը բողոքարկել է այդ որոշումը և այն գտնվում է ընթացքի մեջ:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց անցկացնել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից, բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ ձեռագրերը տարբերվում են (կինոթատրոնում հաշվապահական գրառումները մինչև համակարգիչ մուտքագրելը կատարում են ձեռագրով, այս գրառումների արդյունքում է պարզվել, թե որքան գումար է կորել կինոթատրոնից): 

Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին` ժամը 9:30-ին:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝www.hra.am