Նորություններ

Դատարանն էլ է աչք փակում Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող ապօրինությունների վրա

03.11.2011

Հոկտեմբերի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ.Խանդանյան) անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժեց Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի 9 բնակիչների հայցն ընդդեմ «Ավագ Շին» ՍՊ ընկերության:

Հիշեցնենք, որ հայցվորները պահանջում են «Ավագ Շին» ՍՊ ընկերությունից դադարեցնել Նալբանդյան 106/1 հասցեում իրականացվող անօրինական շինարարությունը, որը սկսվել է այս տարվա մայիսից:

«Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել մեկ բան, որ այս պահին (հայցի քննության ժամանակ) կառուցապատողի կողմից փաստացի որևէ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում: Կատարած աշխատանքները նա որակել է քանդման և ապամոնտաժման աշխատանքներ, որոնք շինաշխատանքներ չեն համարվում և դրանց չի անդրադարձել»,- www.hra.am -ին ասաց հայցվորների շահերի ներկայացուցիչ, «Թանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Դատարանում Տիգրանյանի ներկայացրած փաստարկները, որոնք ապացուցում են, որ «Ավագ Շինը» ծառահատումներ ու հողաշինարարական աշխատանքներ է կատարել՝ առանց ունենալու իրավական փաստաթղթեր, հաշվի չեն առնվել:

Հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են հատված և շինարարական աշխատանքների պատճառով վնասված ծառերը, սակայն դատարանը ավելի արժանահավատ է համարել «Ավագ Շինի» փաստաբանի խոսքերը, ով կտրականապես հերքել է ծառահատումների փաստը:

«Շրջական միջավայրի փորձաքննության մասին օրենքը է խախտվել, քաղաքացիների իրազեկման կոնվենցիան է խախտվել, քաղաքաշինական փաստաթղթերն առանց հաստատելու սկսել է աշխատանքներ և արդեն 3 անգամ փոխել է շինհրապարակում փակցված շենքի նախագծի ցուցանակը: Դատավճռի օրն էլ չունեին վերջնական հաստատված փաստաթուղթ»,- ասում է փաստաբան Հ. Տիգրանյանը:

Հայցվոր կողմը դատարանի նման որոշումը համարում է արդարադատության սկզբունքի կոպիտ խախտում: Իսկ դատարանի վճիռը բողոքարկվելո՞ւ է, թե՞ ոչ, փաստաբանը դեռ չգիտի, քանի որ բնակիչների հետ չի համաձայնեցրել: Բայց նա վստահեցնում է, որ բնակիչները վճռական են տրամադրված և շարունակելու են պայքարել անօրինական շինարարության դեմ: Առայժմ սպասում են, թե նոր քաղաքապետն ի՞նչ քայլեր կձեռնարկի և ի՞նչ որոշում կկայացնի տարածքի վերաբերյալ:

Նալբանդյան 106/1 հասցեի շինարարության վերաբերյալ մեկ այլ հայցով վերաքննիչ ատյանում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա պաշտոնական նամակով պահանջել էր, որ քաղաքապետարանը բնակիչներին տրամադրի «Ավագ Շին» կառուցապատող ընկերության տրամադրած ֆինանսական երաշխիքները: Քաղաքապետարանը մերժել էր՝ պատճառաբանելով, որ այդ փաստաթուղթը ֆինանսական գաղտնիք է: Սեդրակ Բաղդասարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահաջելով պարտավորեցնել քաղաքապետարանին տրամադրել պահանջվող փաստաթուղթը, սակայն դատարանը (դատավոր՝ Կարինե Բաղդասարյան) 2011թ. հունիսի 14-ի վճռով մերժել էր:

Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է այն, ինչ ասել է տարբեր առիթներով, որ Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինությունները սկսվել են դեռևս տարածքի սեփականաշնորհման գործընթացից: Նրա խոքերով՝ «Ավագ Շին» ՍՊԸ-ն տվյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել 2010թ. մայիսի 24-ին։ Սակայն տարածքը պետական կարիքների համար իրացվել է դրանից մոտ 4 ամիս հետո՝ ՀՀ կառավարության 2010թ.-ի սեպտեմբերի 9-ի՝ «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման համաձայն։

«Այսինքն՝ նախքան տվյալ տարածքը բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելը, ոստիկանությունը վաճառել է պետական սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը, ինչի իրավունքը չուներ»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը։ 

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am