Նորություններ

Սեփականության փոխհատուցման չափը որոշելիս անհրաժեշտ է կիրառել նաև այլ չափանիշներ

07.11.2011

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն օրենսդրական փոփոխության առաջարկ է ուղարկել կառավարություն և Ազգային ժողովի կուսակցական խմբակցություններ։

Հասարակության և պետության կարիքների համար օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի բողոքները հաճախ վերաբերում են փոխհատուցման խնդիրներին և պետության կողմից կառուցապատողների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությանը: Օրենքով նախատեսվում է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում, այն է՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար:

«Այս դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ օտարումը կատարվում է սեփականատիրոջ կամքին հակառակ, հետևաբար օտարվող սեփականության փոխհատուցման չափը որոշելիս շուկայական արժեքին զուգահեռ անհրաժեշտ է կիրառել նաև այլ չափանիշներ, օրինակ՝ սեփականատիրոջ համար նույնանման պայմաններ այլ վայրում ապահովելու հնարավորությունը: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ պետությունը սահմանափակվում է միայն տարածքի նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելով, իսկ օտարված գոտիներում գտնվող գույքի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարումը լիովին թողնված է օտարվող սեփականությունը ձեռք բերող կազմակերպություններին, որոնց գործունեության համար պետությունը որևէ պատասխանատվություն չի կրում և որևէ կերպ չի վերահսկում հետագա գործընթացը»,- նշում է Կարեն Անդրեասյանը:   

Պաշտպանը ներկայացրել է վերոհիշյալ խնդրի լուծման իր տարբերակները և առաջարկել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։

Աղբյուրը՝ www.hra.am