Նորություններ

Դատական նիստը հետաձգվեց 1 ամսով. օրաթերթը դատարանում է ընթերցողի կարծիքը հրապարակելու համար

16.11.2011

Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով։

«Հրապարակ» թերթին ժամանակ էր պետք հայցադիմումին պատասխանելու համար, իսկ հայցվորին՝ հայցադիմումը երեկ Սահմանադրական դատարանի հնչեցրած մեկնաբանությունների համապատասխան շարադրելու համար: Այս երկու միջնորդությունների հիման վրա էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատ.՝ Գ. Խանդանյան) այսօր' նոյեմբերի 16-ին, հետաձգեց դատական նիստը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված հոդվածի տակ ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը  օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։ 

«Եթե մի լրատվամիջոց կհայտնի, որ ես ԶԼՄ–ների հետ համագործակցելու պակաս եմ ունեցել, կսխալվի։ Բայց «Հրապարակ» թերթը սխալ ու ոչ ազնիվ դիրքորոշում է որդեգրել, չգիտեմ ումից է որդեգրել, բայց կլյաուզնիկություն է անում, ոչ թե ազատ մամուլի իրավունքի համար է պայքարում։ Միակողմանի նյութեր է հրապարակում ու ցեխ շպրտում սովորական մարդկանց վրա, այդ նույն թերթը վտանգ է ներկայացնում ՀՀ ցանկացած քաղաքացու համար դրա համար էլ նպատակ ունեմ փակել այն, բայց մյուս լրատվամիջոցների հետ ես ընկեր եմ»,– ասաց Արթուր Գրիգորյանը:

Հարցին, թե Սահմանադրական դատարանի այն գնահատականին, որ վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար՝ ընդհուպ մինչև սնանկության հասցնելը, Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ  Տիգրան Աթանեսյանը նշեց.

«Մենք չենք ասում հիմա վճարեն, կվճարեն այնքան ժամանակում, որքանում կկարողանան, որքանում իրավաչափ կլինի»։

Հիշեցնենք, որ որպես հայցադիմումի բավարարման երաշխիք «Հրապարակ» թերթի դրամական միջոցների վրա արգելանք էր դրվել, հետագայում փոխվել էր որոշումը և արգելանք դրվել թերթի գույքի վրա։

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am