Նորություններ

«Մոսկվա» կինոթատրոնի հաշվապահն ու գանձապահն ունեն նույն ստորագրությունը՞

08.12.2011

«Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով վերջին դատական նիստի ժամանակ արձանագրվեց հերթական փաստացի անհամապատասխանությունը. երկու վկաների ցուցմունքներից պարզվեց, որ երկուսն էլ  7 օրերի գումարների ընդունման փաստաթղթում դրված միևնույն ստորագրության հեղինակն են: Այս ցուցմունքներն արդեն կասկածի տակ են դնում գողացված գումարի չափի հստակ տվյալները:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Քրեական գործը դեռևս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր անցկացնել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից, բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ ձեռագրերը տարբերվում են:

Դատարանը որոշել էր գլխավոր հաշվապահին՝ Նինա Ադոյանին և գանձապահ Կարինե Միսակյանին նորից քննել, որի արդյունքնում նրանցից յուրաքանչյուրն իր հերթին հայտարարեց, որ բոլոր ստորագրություններն իրեն են պատկանում:

Դատավոր Պապոյանը պարտավորեցրեց կինոթատրոնին ներկայացնել այդ փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա էլ կնշանակվի դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին:

Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի կողմից արված ինքնախոստովանական ցուցմունքը, որն ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։  Այս գործով եւս դատական գործ է ընթանում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Վերջին դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրել է իր փաստարկները: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին:

Կարինե Իոնեսյան
www.hra.am