Նորություններ

Հովակիմյանն ու Քերոբյանն արդեն երկու ամանոր դիմավորում են բանտում, չնայած նրանց հանցանքը դեռ ապացուցված չէ

26.12.2011

Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով ՀՀ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարնի որոշումը, այսինքն` չի հաստատվել խոշտանգման միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու փաստը:

Այս գործով դատական նիստերը մի քանի անգամ հետաձգելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 20-ին անցկացրեց հերթական նիստը:

Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու փաստը ապացուցելու համար պաշտպանական կողմի ներկայացրած 7 վկաներից դատավորը համաձայնեց հարցաքննել միայն երկու վկաների:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Գործի հիմքում ընկած է Ս. Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն, ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Այդ կապակցությամբ ընթանում է առանձին դատական գործ:

Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյան փոխանցեց մեզ, որ դատավորը չի պատճառաբանել, թե ինչու չի պատրաստվում հարցաքննել մյուս վկաներին, իսկ գործով քննիչ Թորոսյանը նշեց, որ իրենք բոլոր վկաներին էլ քննել են, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը ներկայացրեց մարդկանց անուններ, որոնց քննիչը ընդհանրապես չի կանչել:

«Մեզ համար ակնհայտ է, որ դատավորը կողմնապահ դիրքորոշում ունի, քանի որ նա վկաներին միայն հարցնում էր, թե Հովակիմյանի վրա բռնության հետքեր տեսել են, թե՝ ոչ, իսկ այդ երկու վկաները վկայություն էին տալիս Հովակիմյանի մինչեւ խոշտանգվելը երկու անգամ անօրինական ոստիկանություն տարվելու մասին»,- ասում է Բենիամին Հովակիմյանը:

Նախորդ դատական նիստի ժամանակ Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ներկայացրել էր նաև Հովակիմյանի երեք խցակիցների գրավոր հայտարարությունները, որտեղ նրանք ասում են, որ Ստեփանը բողոքել է գլխի ու մեջքի ցավերից, որոնք, նրա ասելով՝ ծեծի հետևանք են: Ոստիկանությունից անընդհատ նշում են, որ Հովակիմյանին հունվար ամսվա ընթացքում ոստիկանություն չեն տարել, այն դեպքում, երբ նրա մի քանի ընկերների ևս տարել են ոստիկանություն:

«Հատուկ քննչական ծառայությունը ու դատախազը բացատրություն չեն վերցրել, ասել են, թե այդ մարդիկ իրենց ծանոթ չեն եղել այն դեպքում, երբ նյութերում առկա են նրանց անունները ու մեր բողոքը հիմնավոր է: Նրանք ոչ միայն արդյունավետ քննություն չեն արել, այլ ընդհանրապես քննություն չեն իրականացրել, բացի Հովակիմյանից լսելով միայն ոստիկաններին, ովքեր, բնականաբար, սուտ ցուցմունք են տվել»,- համոզված է Սաֆարյանը:

Տիգրան Սաֆարյանը պատրաստվում է ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարանում:

Գողության գործով դատական նիստի ժամանակ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պապոյանը հաստատել է դատաձեռագրաբանական փորձաքննության անցկացումը: Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր անցկացնել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից, բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ ձեռագրերը տարբերվում են:

Դատարանը որոշել էր գլխավոր հաշվապահին՝ Նինա Ադոյանին և գանձապահ Կարինե Միսակյանին նորից քննել, որի արդյունքնում նրանցից յուրաքանչյուրն իր հերթին հայտարարեց, որ բոլոր ստորագրություններն իրենց են պատկանում: Դատավոր Պապոյանը պարտավորեցրեց կինոթատրոնին ներկայացնել այդ փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա էլ նշանակեց փորձաքննություն։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am