Նորություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց Զարուհի Պետրոսյանի ամուսնու բողոքը

27.12.2011

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իր կնոջ՝ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը:

Սարկիսովը պահանջում էր իր նկատմամբ կայացնել արդարացման վճիռ՝ նշելով, որ Զարուհին թույն է խմել և ինքնասպանություն է գործել իր ունեցած արտաամուսնական կապի պատճառով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման դատապարտել Յանիս Սարկիսովին: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը պարզաբանել էր, որ թույն խմելու մասին խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ Զարուհի Պետրոսյանի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել:

Աղբյուրը՝ www.hra.am