Նորություններ

Ոչ մի էական առաջընթաց մարտի մեկի գործի նախաքննությունում

27.12.2011

Մարտի մեկի գործով այս տարվա ընթացքում հայտնված նոր տեսանյութի տեսքով ապացույցի դատահամակարգչային փորձաքննության արդյունքում պարզվեց, որ տեսագրումը կատարվել է հեռու տարածությունից, բարձր անկյան տակ, գիշերային ժամին, վատ լուսավորության պայմաններում, ուստի այն պիտանի չէ համակարգչային ավտոմատացված եղանակով նույնականացման համար:

Այս մասին նշված է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի տարածած տեղակատվական հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ 2011թ. մայիսի 23-ին ինտերնետային youtube.com կայքում martimek2008 անվամբ գրանցված կայքի բաժանորդը տեղադրել էր 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները պատկերող տեսաձայնագրության հատված` «ահա, թե ինչպես են կրակում 2008թ. մարտի 1-ին ... » վերնագրով, որտեղ` ըստ մամուլի հրապարակումների` պատկերված է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը կրակոցներ արձակում զանգվածային անկարգության մասնակիցների ուղղությամբ:

Տեսանյութում պատկերված` ոստիկանության համազգեստով անձի կիրառած զինատեսակը պարզելու նպատակով նշանակվել է տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է միայն, որ տեսագրությունում ոստիկանական համազգեստով անձի կողմից ընդհատումներով կատարված հավանական երկու կրակոցները հնարավոր է` կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից անգնդակ փամփուշտներով:

Միաժամանակ արձանագրվել է, որ տեսանյութում առկա տվյալները չեն պարունակում հատկանիշների այնպիսի համակցություն, որով հնարավոր լիներ պարզել կրակոցի փաստը կոնկրետ զենքից:

Աջակցության ակնկալիքով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով դիմեց միջազգային գործընկերներին: «Սակայն որոշ միջազգային կազմակերպությունների կողմից նման փորձառություն ունեցող փորձագետների և համագործակցության պրակտիկայի բացակայության պատճառաբանությամբ մասնագետներ չտրամադրվեցին»,- նշված է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի տարածած տեղեկատվական հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և տասն անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն երեք տարի է ընթանում է, բայց դեռ չեն պատժվել 10 անձանց սպանողները:

ՀՀ նախագահը հանձնարական էր տվել իրավապահներին առավել ակտիվացնել քննությունը` մասնավորապես տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, վերանայել նախկինում ձեռք բերված ապացույցները, քննարկել հնարավոր բոլոր տարբերակները դեպքերը բացահայտելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերանայվեցին 100.000 թերթը գերազանցող քրեական գործի նյութերը, հարցաքննվեցին 500-ից ավել նոր վկաներ, կատարվեցին շուրջ 150 լրացուցիչ հարցաքննություններ, նշանակվեցին տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ:

Տեսագրությունների և լուսանկարների ուսումնասիրության արդյունքում հանձնարարվել է նաև պարզել մի շարք անձանց ինքնությունը, ովքեր հնարավոր է՝ ականատես են եղել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառելուն, գտնվել են դեպքի վայրում, և նրանց ներկայացնել քննությանը: 2012թ. արդեն նախատեսվում է հարցաքննել ևս 500 անձի:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող 2008թ.մատի 1–2–ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների մասին տեղեկատվական հաղորդմանն ամբողջությամբ ծանոթացեք՝ այստեղ։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am