Նորություններ

Հատուկ քննչական ծառայությանը 4 ամիս է հարկավոր հարցումներ ուղարկելու համար

12.01.2012

ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանից 4 ամիս է պահանջվել, որպեսզի քննչական գործողություններին անհրաժեշտ մանեկեն ձեռքբերելու համար հարցումներ ուղարկի:

2007թ. ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի գործն այդպես էլ լուրջ քննության չի ենթարկվում։ Լևոն Գուլյանի գործը կարճելու մասին դատախազության որոշումները երեք անգամ բեկանվել է դատարանի կողմից:

Չնայած Վճռաբեկ դատարանը դեռևս 2010թ. օգոստոսի 27-ին որոշում է կայացրել, որ պետք է մի շարք գործողություններ իրականացվեն գործի քննության շրջանակներում, դեռևս ոչինչ չի արվել՝ ընդամենը հարցումներ են ուղարկվել մանեքեն ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանը մահացել է ՀՀ ոստիկանության շենքում 2007 թ. մայիսի 12-ին: Գուլյանի մահվան պաշտոնական վարկածն այն է, որ նա մեջքի վրա ընկել է ոստիկանության շենքի 2-րդ հարկի պատուհանից՝ ինքնասպան լինելու փորձի կամ փախչելու հետևանքով: Սակայն նրա ընտանիքի անդամները պնդում են, որ նա դաժան վերաբերմունքի է արժանացել, քանի որ մարմնի վրա կապտուկներ և բռնության հետքեր են եղել:

2011թ. մայիսի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Խանդանյանը որոշում կայացրեց բավարարել Լևոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը և պարտավորեցնել Հատուկ քննչական ծառայությանը վերսկսել գործի քննությունը: Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը։

2011թ. սեպտեմբերի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը վերսկսելու մասին:

www.hra.am -ի այն հարցմանը, թե ի՞նչ քննչական գործողություններ են կատավել մինչ օրս, ՀԿԳ ավագ քննիչ Գաբրիել Պետրսյանը պատասխանել է. «Նախաքննության ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պահանջները կատարելու համար անհրաժեշտ մանեկեն ձեռք բերելու նպատակով հարցումներ ենք կատարել ՀՀ համապատասխան կառույցներին, որոնց պատասխանները ստացվել են 2011թ. դեկտեմբերին, և որի արդյունքների քննարկման հիման վրա քրեական գործով կկայացվի վերջնական որոշում, որի կապակցությամբ կտրվի համապատասխան հաղորդագրություն»:

Քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկանալու նպատակով Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանը ոչ մի ծանուցում չի ստացել: Նա 2011թ. հոկտեմբերին դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել կատարված քննչական գործողություների վերաբերյալ:

«Միայն պատասխանել էին, որ վարույթը վերսկսվել է և նախկին քննիչն է քննում գործը: Այդ պահից ի վեր մենք որևէ գործողության մասին չենք ծանուցվել, մենք չգիտենք՝ ի՞նչ գործողություններ են կատավում, և ընդհանրապես կատարվո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշում է Ղուկասյանը:

Փորձաքննության համար մանեկեն ձեռք բերելու համար կատարված հարցումների մասին փաստաբանը տեղյակ չէր:

«Դա պահանջներից ընդամենը մեկն է, իրենք դատարանի որոշումը միակողմանի և սահմանափակ են ներկայացնում, և փորձում են դա ներկայացնել որպես Վճռաբեկ դատարանի միակ պահանջ: Բայց մենք դատարանի 4-5 որոշում ունենք, որտեղ բազմաթիվ խախտումներ են վկայակոչված և շատ ավելի լուրջ պահանջներ և հիմնավորումներ կան։ Այս խախտումների ուղղությամբ ոչ մի քննութուն չի կատարվում»,- ասում է Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Հատուկ քննչական ծառայությունն այս գործը փակ շրջանի մեջ է դրել։ Այն մշտապես գտնվում է քննիչ Գաբրիել Պետրոսյանի վարույթում, շարունակաբար կարճվում է գործը, հետո դատական պրոցեսների արդյունքում նորից վերսկսվում. սակայն գործն ընթացք չի ստանում։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am