Նորություններ

Պահանջում են դատական նիստերը նորից տեղափոխել Երևան

19.01.2012

Արտակ Նազարյանի քույրը համոզված է՝  դատարանը որոշել է դատական նիստերն անցկացնել Իջևան քաղաքում, քանի որ այդ կերպ «ծածկադմբոց» իրականացնելը շատ ավելի հեշտ կլինի:

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը 2010թ. հուլիսի 27-ին ծառայության վայրում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, իսկ  հարազատների պնդմամբ՝ սպանվել: Դժբախտ դեպքը պատահել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել «ինքնասպանության դրդում» որակմամբ: Իսկ քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցները:

Դատական նիստերը նախկինում ընթանում էին Տավուշի մարզում: Բազմաթիվ միջնորդություններից հետո դատավոր Սամվել Մարդանյանը համաձայնվել էր արտագնա նիստերի մեկնել ու Երևանում անցկացնել դատական նիստերը:

Նշենք, որ  Տավուշի մարզում գումարված 7 դատական նիստերից 3-ը չէին կայացել, իսկ մնացած նիստերը 1-2 ժամ էին տևել:

Հունվարի 18-ին նույն դատավորը փոխեց իր որոշումը ու որոշեց դատերն անցկացնել Իջևանի նորակառույց դատարանում՝ պատճառաբանելով, թե արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում և վկաների մեծ մասն էլ Տավուշում են բնակվում:

Ե՛վ 4 ամբաստանյալներն իրենց փաստաբաններով, և՛ տուժող կողմն իր բոլոր ներկայացուցիչներով դեմ էին այս որոշմանը, սակայն դատավորը որոշումը հրապարակել է՝ առանց նրանց միջնորդություն ներկայացնելու կամ հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն տալու:

«Տեսան, որ վկաները բռնվում են ստի մեջ ու չեն կարողանում իրենց ուզած ցուցմունքներն ասել, որոշեցին հարցերը լուծել արդեն դեպքի վայրում, որտեղ ճնշում գործադրելն ավելի հեշտ կլինի հաստատ»,- համոզված է Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:

Նա www.hra.am -ին հաղորդեց, որ չի հասկանում դատարանի որոշումը, քանի որ Իջևանի դահլիճը զրահապատ չէ, ու այնտեղ կարգը խախտելն ավելի հեշտ կլինի ու ավելի վտանգավոր: Բացի այդ, Նազարյանի տվյալներով,  Իջևանում դեռ տեղադրված չէ ձայնագրման համակարգ, ինչպես նաև չկան համակարգիչներ:

«Իսկ վկաները  դատավարության մասնակիցների փոքր մասն են, ու մնացած մասը Երևանում են բնակվում, ու պարզ է, որ բացակայությունները շատ ավելի կլինեն Իջևանում, քան Երևանում, որտեղ շաբաթը երկու անգամ դատական նիստ էր լինում, երկար էր տևում ու միայն մեկ անգամ է նիստը հետաձգվել»,- փաստում է Նազարյանը:

Նրանք որոշել են հաջորդ դատական նիստին, որը կկայանա հունվարի 24-ին՝ ժամը 14:00-ին, պարզապես ներկա չգտնվել: Բացի այդ անընդհատ բողոքելու են ու դիմելու են տարբեր մարմինների, որ դատական նիստերը նորից Երևանում անցկացվեն:

«Բանակն իրականում» հասարակական նախաձեռնությունը ևս միացել է այս կոչին: Նրանք պահանջում են ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից միջոցներ ձեռնարկել, իսկ դատավոր Մարդանյանից՝ փոխել որոշումը և դատական նիստերը վերսկսել Երևանում:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am

Աղբյուրը՝ www.hra.am