Նորություններ

Պահանջում են ճանաչել զինվորի կյանքի իրավունքի խախտման փաստը

20.01.2012

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերին վարույթ է ընդունել չորս համածառայակիցների կողմից ծեծվելու հետևանքով մահացած զինծայայող Գևորգ Կոծինյանի գործը (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչոյան): Դեկտեմբերի 26-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, նիստի նոր օր դեռ նշանակված չէ: Վերաքննիչ բողոք են բերել գործի երկու կողմերն էլ:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 14-ին կայացրած վճռով (դատավոր՝ Լեռնիկ Աթանյան)՝ կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը դատապարտվել է 11 տարի 6 ամիս, շարքայիններ Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը՝ 11 տարի, իսկ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը՝ 3 տարի ժամկետով ազատազրկման։ Արմեն Ռաֆայելյանի նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատվել է պատժի կրումից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը www.hra.am -ին փոխանցեց, որ վերաքննիչ բողոքում պահանջում է, որ դատարանը ճանաչի Գևորգ Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման փաստը:

«Դա սովորական սպանություն չէ, պետության հսկողության տակ գտնվող անձին են կյանքից զրկել, և դատարանը պետք է դրան իրավական գնահատական տա»,- նշում է փաստաբանը:

Վերաքննիչ բողոքում փաստաբանը պնդում է նաև Կոծինյանի կյանքի իրավունքի խախտման համար բարոյական վնասի փոխատուցման պահանջը (5 միլիոն դրամ), որն առաջին ատյանի դատարանը թողել էր առանց քննության, ինչպես նաև՝ հուղարկավորության և դատական ծախսերի փոխհատուցման պահանջները:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 6-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Արայի լեռ զորամասում սպանված 19-ամյա Գևորգ Կոծինյանի մահվան պատճառը, ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, սրտի ռեֆլեկտոր կանգն է, ինչը կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի հետևանք է:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am