Նորություններ

ՀԱԿ-ի համոզմամբ՝ մարտի մեկի գործն իշխանությունն իր համար արդեն փակել է

23.01.2012

Այսօր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ համոզված է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից ներկայացված մարտի մեկի վերաբերյալ զեկույցը ստեղծվել է միայն ԵԽԽՎ 1837 բանաձևի 3-րդ կետի պահանջի կատարման ակնկալիքով և նշանակում է, որ այս կերպ իշխանությունները փակում են մարտի մեկն իրենց համար:

Ջհանգիրյանը հիշեցնում է, որ այդ բանաձևում հստակ նշված է՝ այն դեպքում, երբ այդ  դեպքերի 10 մահերի անձնական պատասխանատվությունը հնարավոր չի լինի հաստատել, պատճառները պետք է ամբողջովին բացատրվեն քննության զեկույցում, որն էլ ըստ էության արվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականից հետո:

Առաջինը ՀԱԿ-ի համար անհասկանալի է, որ ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների ցույցերը համարել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, բայց  մինչև այսօր   ոչ ոք չի դատապարտվել ՀՀ քր. օր.-ի 251 հոդվածով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):

Ջհանգիրյանը շարունակում է պնդել, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ:

«Մարտի 1-ին ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 622025508 համարի քրեական գործ հարուցելու որոշման մեջ ոստիկանության գործողությունները ներկայացվել են շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»: Ավելի ուշ, ստիպված հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետև պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» այն ժամանակ գործող օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը: Այնուհետև, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել ՀՀ քրեական դատավարության շրջանակում, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն» քննչական անհետաձգելի գործողության կատարում,- ասում է Ջհանգիրյանը,- տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունն ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով՝ նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տարբերակի վրա: Մինչդեռ այդ միջոցառումը չէր կարող կատարվել բացահայտ, մոտ 1000 ոստիկանական ու հատուկ ջոկատայինների համազգեստ կրող ծառայողների մասնակցությամբ: Նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը»։

Ջհանգիրյանը կարծում է, որ նախաքննական մարմինն ամեն ինչ արել է, որ հերքվեն Համլետ Թադևոսյանի, Տիգրան Աբգարյանի և «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերը, հայտնաբերված թերություններն ու հակասությունները:

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ բոլոր անձանց, ում հրավիրել էին փաստահավաք խումբ, ովքեր բացատրություներ են տվել, բոլորը հետագայում հրաժարվել են իրենց հայտարարություններից, ինչը որ տվել են փաստահավաք խմբում»,- զարմանում է Ջհանգիրյանը:

Նրա կարծիքով՝ հատուկ աչք է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել, վարկաբեկել 8 սպանվածներին՝ հասարակության, միջազգային կառույցների, մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե սպանվածները բացասական բնութագիր ունեցող անձինք են:

«10-ը սպանությունների փաստերով քրեական գործ հարուցելու որոշումների պարագայում քրեական գործեր հարուցել են միայն 2009թ. գարնանը ՀՀ քրեական օրնեսգրքում կատարված փոփոխություններից  ու լրացումներից հետո, երբ 104 հոդվածի երկրորդ մասի 10.1 կետում կատարվեց մեկ լրացում, որով պատասխանատվություն է սահմանվում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից սպանություններ կատարելու համար: Ո՛չ ոստիկանը, ո՛չ զինծառայողն ու ուժային կառույցի  ներկայացուցիչը չի կարող դիտարկվել որպես զանգվածային անկարգության մասնակից»,- փաստում է Ջհանգիրյանը:

ՀԱԿ-ի համար շարունակում է անհասկանալի մնալ  2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի (Հովհանես Հովհաննիսյան, Զաքար Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան) մարմիններից հանված գնդակները չեն նույնականացվել ոստիկանության սպառազինությունում գտնվող և մարտի 1-2-ին գործադրված հրազեններից ոչ մեկի գնդակների հետ:

«Դա կարող է ունենալ թերևս հնարավոր երկու բացատրություն: Ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողներն իրենց մոտ ունեցել, կրել և գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ: Կամ մարտի 1-2-ի իրադրաձություններին, իրոք, մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության այլ զինված ստորաբաժանումներ և ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն»,- կարծում է Ջհանգիրյանը:

Անդրադառնալով youtube-ում տեղադրված հերթական տեսանյութին՝ Ջհանգիրյանը հայտնեց, որ այն  կարող էր լուրջ ապացույց դառնալ, բայց չեղավ:

«Նշանակել են տեսաձայնագրային և դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որով ի վերջո եզրակացրել են, որ կատարված երկու կրակոցները հավանական է կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից՝ անգնդակ փամփուշտներով: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից դիմահար կրակում և ապա թաքնվում: Լավ, չեք ցանկանում ճշտել հրաձիգի ինքնությունը՝ հասկացանք, բայց եթե նա կրակում էր անգնդակ փամփուշտներով, այդ դեպքում նախ ինչո՞ւ էր դիմակավորվում, երկրորդ՝ ինչո՞ւ էր թաքստոցից դուրս գալիս և հետո կրակում, թաքստոցից չէր կարո՞ղ օդ կրակել»,- հարցնում է Ջհանգիրյանը:

Ավելի մանրամասն ՀԱԿ-ի դիտարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am