Նորություններ

Սահմանադրական դատարանը քննեց Արտակ Նազարյանի մոր դիմումը

24.01.2012

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր Սահմանադրությանը հակասող չի ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթը և 201-րդ հոդվածի 1-ին մասը։ Այս հարցը ՍԴ-ն քննում էր Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի դիմումի համաձայն։  

Հիշեցնենք, որ  Արտակ Նազարյանը պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել, հարազատների պնդմամբ՝ սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր:

Արտակ Նազարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը տուժող կողմին տրամադրել է միայն օրենքով նախատեսված եզակի նյութեր, հիմնականում՝ փորձաքննություններ անցկացնելու որոշումները և դրանց արդյունքները: Դրա հետևանքով, տուժող կողմը զրկված է մնացել նախաքննությանը մասնակցությունից: Նյութերը մերժելիս նախաքննական մարմինը հղում է անում 201-րդ հոդվածին՝ նախաքննության գաղտնիքին, մինչդեռ նյութերը տրամադրելը կարող է կատարվել նախաքննության գաղտնիության պահպանման պայմանով. այս մասին այսօր www.hra.am -ին ասաց Արտակ Նազարյանի քույրը, ով համոզված է, որ խախտվել են ՀՀ սահմանադրությամբ և միջազգային նորմերով ամրագրված իրենց իրավունքները:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:

Արտակ Նազարյանի սպանության գործով դատական գործընթացը, տուժող կողմի կարծիքով, ընթանում է իրենց իրավունքների խախտումով, քանի որ ի սկզբանե նախաքննական մարմինն իրենց փաստաբաններին նյութեր չի տրամադրել, իսկ նախաքննության ավարտից հետո էլ նյութերը տրամադրել է թերի:

Ծովինար Նազարյանը մեզ փոխանցեց, որ իրենք համաձայն չեն Սահմանադրական դատարանի որոշման հետ, քանի որ ՀՀ դատավարական օրենսգրքի 201 հոդվածի առաջին մասով ասվում է, որ  նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, այիսինքն՝ իրենք իրականում կարող էին իրենց տրամադրել նյութերը նախաքննության գաղտնիության պահպանման պայմանով, որը չի արվել: Այս հոդվածը նրանք պահանջում էին հակասահմանադրական ճանաչել, քանի որ այն թույլ է տալիս վարույթն իրականացնող մարմնին  կամայական լինել՝ թույլ չտալով տուժող կողմին նախաքննությունից տեղյակ լինել ու իր իրավունքները պաշտպանել:

Տուժող կողմը բողոքարկել է  նաև նույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կիրառելիությունը, որի համաձայն՝ նախաքննական մարմինները  հրաժարվել են տեղեկություններ տալ՝ ասելով, որ տուժողը նախաքննության ավարտման պահից է, որ կարող է ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ:

«Բացի այդ, նրանք մեզ իրականում տրամադրել են ոչ ամբողջական տեղեկություններ անգամ նախաքննության ավարտից ու գործը դատարան մտնելուց հետո: Գործում նշված է 19 նկար, բայց իրենք տվել են միայն 16-ը ու այնքան վատ պատճենահանված օրինակով, որ ոչ մի բան չես տեսնում,  մենք ուզել էինք տեղազննության նկարները, դատաբժշկական փորձաքննության նկարները, բայց չեն տվել, այն դեպքում, երբ ես հստակ գիտեմ, որ դրանք կան ու թվային ձևով արխիվացվում են իրենց մոտ»,- ասում է Ծովինար Նազարյանը:

Նա պնդում է, որ Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլև ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am