Նորություններ

Դիրքորոշումը միասնական է՝ դեմ են ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը

26.01.2012

Հունվարի 25-ին  Սյունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին' պահանջելով Լեռնաձորում դադարեցնել ուրանի հանքաքարի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել դրան առնչվող բոլոր որոշումները:

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, ով ուրանի հանքավայրի շահագործման դեմ պայքարող խմբի անդամներից է, www.hra.am -ին փոխանցեց, որ տարածաշրջանի բնակիչները իսկապես տագնապի մեջ են: «Հաշվի առնելով Հայաստանի չափերը և ուրանի հանքի շահագործման բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, այս ծրագիրը համարում ենք լուրջ սպառնալիք մեր ազգային անվտանգությանը»,- նշեց նա:

Բաց նամակում հասարակական կազմակերպությունները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, «քանի որ ՀՀ բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտնվում են միայն որոշ անհատներ»:

Հասարակական կազմակերպությունները վերստին հիշեցնում են, որ Սյունիքի մարզում կատարված հարցումների ժամանակ 13.850 քաղաքացիների 99 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: 

«Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը, և այն կընկալվի մարտահրավեր՝ ուղղված հանրությանը և հասարակական կառույցներին»,- հայտարարում են 9 ՀԿ-ները՝ ավելացնելով, որ այս հարցում իրենց դիրքորոշումը միասնական է:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը www.hra.am -ին ասաց, որ իրենք առայժմ կսպասեն ՀՀ նախագահի պատասխանին, որից էլ կախված է իրենց հետագա անելիքները: Եթե պատասխանը գոհացուցիչ չլինի, իրենք կշարունակեն բողոքի ակցիաները: «Մենք մի անգամ արդեն կարողացել ենք դադարեցնել աշխատանքները: Ենթադրում եմ, որ դա մեզ հանգստացնելու համար արեցին, որովհետև հետո նորից վերսկսեցին որոնողահետախուզական աշխատանքները»,- ասում է Ավագյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությունը չի ցանկանում հասկանալ, թե ինչու է հանրությունը դեմ կանգնում այս ծրագրին: «Պատճառը պարզ է. եթե հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվեց, որ կա ուրանի մեծ քանակ, բիզնես ծրագիրը կանգնեցնելը շատ դժվար կլինի»,- նշում է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը:

Բաց նամակի տակ ստորագրել են ուրանի հանքավայրի շահագործման դեմ պայքարող խմբի անդամ հանդիսացող՝ «Կայուն զարգացում», «Ազատամարտ», «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն», «Ապավեն համայնքներին», «Իրավական հասարակություն», «Խուստուփ»  և «Հանգրվան» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացայի Կապանի մասնաճյուղը և Կապանի Օրհուս կենտրոնը:

Մերի Ալեքսանյան

Նկարը՝ aravot.am-ի
Աղբյուրը՝ www.hra.am