Նորություններ

«Բացահայտելու ենք կառավարության որոշումների հիմքում ընկած ապօրինությունները». Զ.Փոստանջյան

06.02.2012

«Այս պահին միայն կարող եմ ասել, որ 627 որոշումը ընդունվել է թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների կոպիտ խախտմամբ: Մենք պահանջում ենք նաև այդ որոշմանը առնչվող մնացած փաստաթղթերը: Դրանց մասին մեր կարծիքը կհայտնենք դրանք ուսումնասիրելուց հետո»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Փետրվարի 2-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 28.04.2011թ.-ի թիվ 627 որոշման շուրջ ստեղծված խնդիրները:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք, որի մեջ նաև Քաջարան գյուղի մի մասն է, ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ: Տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին' հանքանյութ արդյունահանելու համար:

Հանդիպման հանձնարարականը տվել էր ՀՀ վարչապետը՝ հունվարի 26-ին կայացած կառավարության նիստի ժամանակ:

Ավելի վաղ' 2011թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Քաջարան համայնքին վերաբերող մի շարք հարցեր էր ուղղել կառավարությանը, որոնց պատասխանը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում չէր ստացել: Հունվարի 24-ին խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որով Կառավարությունից պահանջել էր չեղյալ համարել օրենքի խախտումներով կայացված թիվ 627 որոշումը: 

Նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստյոպա Սաֆարյանը Քաջարանի գյուղապետի հետ միասին ներկայացրել են իրենց պահանջները: Նրանք պահանջել են նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա կայացվել է Կառավարության թիվ 627 որոշումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում ունենալ վերը նշված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, հնարավորության դեպքում այցելել Քաջարան և տեղում կազմակերպել քննարկում: Այս մասին www.hra.am -ին ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը՝ հավելելով, որ գործընթացը նոր է սկսվում, իսկ հաջորդ հանդիպմանը օրը դեռ պարզ չէ:  

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քանի դեռ իրենք չեն ուսունասիրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կայացվել է թիվ 627 որոշումը, ինքը չի կարող ասել՝ դրանք օրենքի պահանջներին համապատասխանում են թե ոչ:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ իրենց պայքարը միտված է նաև ապագային. «Կառավարությունը սրանից հետո այդպիսի  որոշումներ ընդունելուց թող իմանա, որ շահագրգիռ անձինք այդ որոշումների հետևից գնալու են և թույլ չեն տալու, որ ապօրինությունները շարունակվեն: Մենք մեկ է, բացահայտելու ենք կառավարության որոշումների հիմքում ընկած կեղծիքները և ապօրինությունները»,- նշեց պատգամավորը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am