Նորություններ

Պահանջ կառավարությանը՝ անվավեր ճանաչել «Թեղուտի» հանքի շահագործման լիցենզիան

09.02.2012

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը և այլ մտահոգ նախաձեռնություններ և կազմակերպություններ դիմում–պահանջ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։

ՀՀ վարչապետ Տ. Սարգասյանին

Դիմում-պահանջ

Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրեվել է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ ազգային օրենսդրության կոպիտ խախտումներով: Իրավախախտումներն իրականացվել են պետական մի շարք կառույցների կողմից' ՀՀ կառավարություն, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն (այժմ' էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն), բնապահպանության նախարարություն: Այդ խախտումների փաստն արձանագրված է ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի կողմից: Իրավունքի խախտման փաստը հաստատվել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի (հետայսու' Օրհուսի կոմիտե) 18.01.2011թ. որոշմամբ, որտեղ ուղղակիորեն նշված է, որ պետությունը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի իրականացումը' խախտելով Կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Իրավախախտման փաստն արձանագրվել է նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի անդամների կողմից' 25.01.2012թ.  44 անդամներ ստորագրել են հռչակագիր, որով ՀՀ կառավարությանը պահանջ է ներկայացվում Թեղուտի հանքի շահագործման համար հիմք ծառայող բոլոր փաստաթղթերը ճանաչվեն անվավեր:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս են կազմում եւ,  ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներպետական օրենսդրությունը: Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն այն միակ կառույցն է, որն իրավասու է գնահատել Օրհուսի կոնվենցիայի խախտման փաստը: Կոմիտեի որոշումը ունի բարձր իրավաբանական ուժ եւ պարտադիր է կատարման պետության կողմից: Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Օրհուսի կոմիտեն հստակ արձանագրել է, որ Թեղուտի հանքի շահագործման թույլտվություն ստանալու ընթացքում պետական մարմինները թույլ են տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ, իսկ դա նշանակում է, որ այդ խախտումների արդյունքում ձեռք բերված բոլոր փաստաթղթերը պետք է ուժը կորցրած, անվավեր եւ առոչինչ ճանաչվեն: 

ՀՀ կառավարության կայացրած անօրինական որոշումներ.

ՀՀ կառավարությունը իր 01.11.2007 թվականի  թիվ 1278-Ն որոշմամբ Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական գյուղական վարչական սեփականություն հանդիսացող հողերից ընդհանուր առմամբ 200,900 հեկտարը' վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով, առանց մրցույթի, տրամադրել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը, մինչդեռ ՀՀ Հողային օրենսգրքի համաձայն պետական եւ համայնքային հողերը վարձակալության իրավունքով կարող էին տրամադերվել միայն համայնքի ղեկավարի կամ մարզպետի որոշմամբ' մրցութային կարգով: Սրանով կառավարությունը խախտել է համայնքի սեփականության իրավունքը:

Ինչպես բխում է Օրհուսի կոմիտեի որոշումից, Թեղուտի շրջանի պաշարներն արդյունահանելու համար շահագործող ընկերությանը 2004 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ հանքարդյունահանման հատուկ լիցենզիա տալու ընթացքում հանրության մասնակցությունը սահմանափակվել է նրանով, որ հանրությունը միայն կարողացել է մեկնաբանություններ ներկայացնել շրջակա միջավայրի վրա հանքարդյունահանման գործունեության ազդեցությունը մեղմելու եղանակների վերաբերյալ, սակայն բացառել է հանրությանը ազդեցությունն այն որոշման կայացման վրա, թե արդյոք հանքարդյունահանման գործունեությունն իրականացնելն ընդհանրապես նպատակահարմար է, քանի որ այդ որոշումն արդեն կայացված էր: Դրանով խախտվել է Օրհուսի կոնվենցիան եւ ներպետական օրենսդրությունը:

2005 թվականի դեկտեմբերի 29-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը առանց մրցույթի տրվել է ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիան, մինչդեռ ռազմավարական նշանակություն ունեցող oգտակար հանածոների (դրանց ցանկում են նաեւ պղինձն ու մոլիբդենը) ուuումնաuիրության և արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային ակմ մրցութային կարգով:

Շահագործող ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) եւ Աշխատանքային նախագծի հաստատման համար հիմք է համարվել մի մեթոդական ձեռնարկ (Методическое пособие по проведению оценки воздействия на окружающую среду при выборе площадки, разработке технико-экономических обоснований и проектов строительства (реконструкции, расширения, технического перевооружения) горнорудных предприятий (Санкт- Петербург  - Москва, 1992), որտեղ վնասի հաշվարկը կատարվում է 1984թ. գներով (այսինքն' ԽՍՀՄ ռուբլով' 1 ռուբլին 1 դոլար հարաբերակցությամբ), այն դեպքում, այն դեպքում, երբ կան 2003թ. եւ 2005թ. ընդունված կառավարության որոշումներ ջրային ու հողային ռեսուրսների, մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգ եւ տնտեսական վնասի հաշվարկման մեթոդաբանություն:

Բնության բաղադրիչները ոչնչացնելու կամ վնասելու հետեւանքով պատճառվող տնտեսական վնասը.

Տնտեսական վնասի հաշվարկի մասին ելակետային տվյալները ներկայացված են երկու փաստաթղթերում' ՇՄԱԳ-ում եւ Աշխատանքային նախագծում: Ելակետային տվյալների այսպիսի խառնաշփոթ է առաջացել այն պատճառով, որ գործող օրենքը չի կարգավորում այն հարցը, թե նշված փաստաթղթերից որն է հիմք հանդիսանում տնտեսական վնասի հաշվարկման համար, եթե առկա են այդպիսի երկու փաստաթղթեր: Այսինքն, թե ՇՄԱԳ-ը եւ թե Աշխատանքային նախագիծը հանդիսանում են վնասի հաշվարկման պաշտոնական աղբյուրներ: Տնտեսական վնասի հաշվարկման սխալ մեթոդաբանության պատճառով ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում եւ Աշխատանքային նախագիծում տնտեսական վնասի հաշվարկման համար հիմք ընդունված տվյալները հակասական են եւ որոշ դեպքերում տարբերվում են իրարից մոտ երկու անգամ: Կազմակերպության կողմից ներկայացվել եւ բնապահպանության նախարարի կողմից հաստատվել են տնտեսական վնասի հաշվարկ նախատեսող երկու փաստաթուղթ' ՇՄԱԳ եւ Աշխատանքային նախագիծ: Երկու փաստաթղթերում էլ տնտեսական վնասի հաշվարկը կատարվել է շահագործման առաջին 8 տարիների համար, մինչդեռ նախագիծը կազմված է 25 տարվա համար, հետեւապես' վնասի հաշվարկը եւս պետք է կատարվեր 25 տարվա դիմաց:

Կարմիր Գրքում գրանցված բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ.

Թեղուտի հանքավայրի տարածքում դիտարկված կենդանիների որոշ տեսակներ գրանցված են Հայաuտանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Այս հանգամանքը մանրամասնորեն նշված է շահագործող ընկերության ներկայացրած Աշխատանքային նախագծում: Նման պայմաններում այդ տարածքում Թեղուտի հանքավայրի շահագործումը ուղղակիորեն հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի իմպերատիվ պահանջներին: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չէր կարող նման պայմաններում դրական եզրակացություն տալու ՇՄԱԳ-ին և Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին, իսկ բնապահպանության նախարարը' հաստատել այն:

Հանքի շահագործմանն այլընտրանք հանդիսացող տնտեսական զարգացման լուծումներ.

Հանքավայրի շահագործման ՇՄԱԳ-ով կամ Աշխատանքային նախագծով չեն վերլուծվել բացահանքի շահագործման այլընտրանքների հնարավորությունը եւ դրանց նկատմամբ բացահանքի շահագործման առավել նպատակահարմարությունը: Մասնավորապես, չեն վերլուծվել տարածքի բանռեսուրսային պայմաններին համարժեք այլընտրանքային տնտեսական զարգացման հնարավորությունները (էներգետիկա, անտառային կողմարդյունքի հիման վրա պահածոների արտադրություն, օրգանական գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլն) եւ դրանց համեմատ' բացահանքի շահագործման նախապատվելիությունը: Մարդու բարեկեցության տեսանկյունից չի տարվել համեմատական վերլուծություն նախատեսվող գործունեության եւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման այլընտրանքային տարբերակների միջև: Չի վերլուծվել անգամ հանքավայրի' փակ եղանակով շահագործման հնարավորությունը եւ նպատակահարմարությունը, չի անցկացվել փակ եւ բաց եղանակներով հանքավայրի շահագործման համեմատական վերլուծություն եւ չի պատճառաբանվել հատկապես բաց եղանակով հանքավայրի շահագործմանը նախապատվություն տալը: Ինքնաբերաբար, նախատեuված գործունեության այլընտրանքային լուծումները փորձաքննության չեն ենթարկվել:

Փորձաքննության եզրակացությունների մեջ, ինչպես նաև' փորձաքննություններին ներկայացված փաստաթղթերում չեն գնահատել օրենքով սահմանված' նախատեuվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության բոլոր տարրերը (նախատեuվող գործունեության վնաuակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեuական եւ uոցիալական բնականոն զարգացման վրա), որի արդյունքում հաշվարկված տնտեսական վնասը մի քանի տասնյակ անգամներ տարբերվում է իրականում սպասվելիք վնասներից:

Հայաստանի բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունը.

Շրջակա միջավայրի վրա փորձաքննության ընթացքում նախատեսվող գործունեության ազդեցությունը մարդու առողջության վրա խորությամբ չի ուսումնասիրվել, փորձաքննության առարկա չի դարձել եւ առհասարակ չի գնահատվել:

Ինչ վերաբերում է նախատեսվող գործունեության' մարդու բարեկեցության վրա ազդեցության գնահատականին, ապա այս հարցը դիտարկվել է միայն մեկ տեսանկյունից' գնահատվել է բացվող աշխատատեղերի քանակը: Չի քննարկվել միջավայրին հասցվող տնտեսական վնասի (մասնավորապես' հողերին, մթնոլորտային օդին, ջրային ռեսուրսներին,  անտառին և ընդերքին) բացասական ազդեցությունը մարդու առողջության եւ բարեկեցության վրա:

Մշակութային ժառանգության պահպանության ոչնչացում.

Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը հավաստմամբ Թեղուտի շուրջ 1500 հա տարածքում հայտնաբերվել են շուրջ 5000 տարվա վաղեմություն ունեցող հուշարձաններ, վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, որոնք բացարձակ նորություն են հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ և որպես նոր հուշարձաններ գրանցվել են Հուշարձանների պաշտպանության պետական գործակալության կողմից: Թեղուտի տարածքում գտնված հուշարձանները համարվում են Քուռ-Արաքսյան ժամանակաշրջանի արժեքավոր հուշարձաններ, որոնց զգալի մասը հանքավայրի շահագործման ընթացքում ոչնչացվելու է: Հոբոսյանի խոսքով, վտանգված են հատկապես պոչամբարի տարածքում գտնվող հուշարձանները, որոնք, անցնելով հանքարդյունաբերական թափոնների տակ, ոչնչացվելու են: Մի քանի տարածքներում հայտնաբերվել են հելլենիստական մշակույթի նմուշներ:

Հանքարդյուբնաբերական համալիրն ընդգրկելու է լայնամասշտաբ տարածք, եւ հուշարձանների պահպանությունն այդ տարածքում անհնար է: Դրանք վաղ բրոնզեդարյան բնակավայրեր են, որոնք վկայում են կուր-արաքսյան վաղ բրոնզեդարյան մշակութային շերտի գոյության մասին: Միայն 40 դամբարան պեղել են պոչամբարի տարածքում:  

Հարկ է նշել, որ արժեքավոր գտածոների զգալի մասը գտնվում է Խառատաձորի կիրճի տաածքում, որտեղ հանքավայրի շահագործման նախագծի համաձայն լինելու է պոչամբարը: Այսինքն, այդ տարածքում գտնվող Կուր-Արաքսյան քաղաքակրթությանը պատկանող բնակավայրը ոչնչացվելու է:

Սեյսմիկ վտանգներ.

Համաձայն շահագործող ընկերության կողմից ներկայացված' Թեղուտի հանքի շահագործման նախագծի' «Թեղուտի հանքավայրի շրջանը բնութագրվում է տարակողմորոշված ճեղքման խախտումների լայն զարգացմամբ: Տարբերում են լայնութենական և մերձլայնութենական, հյուսիս-արևելյան, հյուսիս-արևմտյան, միջօրեականային և մերձամիջօրենա-կանային խախտումներ: Ըստ տարածման նրանք պահպանված են և դիտվում են մինչև 3 կմ հեռավորության վրա, ուղեկցվելով ջարդված, վերասղմված և թերթավորված ապարների գոտիներով:

Հանքավայրի տարածքում զարգացած են միկրոճաքավորության բազմաթիվ համակարգեր, որոնք կապված են ապարների բազմապատիկ բրեկչիարությանը նպաստող ճաքերի տարակողմորոշված համակարգերի գոյացման հետ:

Այս ամենով հանդերձ, սակայն, հանքավայրի շահագործման նախագծում բացակայում են սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ տվյալներ: Այսինքն, նախագծով ընդամենը արձանագրվել է, որ հանքավայրը գտնվում է գերակտիվ սեյսմիկ գոտում, սակայն փորձաքննության առարկա չի դարձել այն հարցը, թե շահագործման ընթացքում կատարվող պայթեցուները ինչ սեյսմիկ ռիսկեր են պարունակում:

Անդրսահմանային վնասակար ազդեցություն.

«Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (հետայսու' Էսպոյի կոնվենցիա) իմաստով Թեղուտի բացահանքի շահագործման ազդեցությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս: Ելնելով օրենքի վերը բերված դրույթից, 03.04.2006 թվականի թիվ ԲՓ-31 և 07.11.2006 թիվ ԲՓ-135 եզրակացությունները պետք է հաստատվեին ՀՀ կառավարության կողմից, մինչդեռ դրանք հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից, որը տվյալ դեպքում, հաշվի առնելով նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցությունը, իրավասու չէր հաստատելու դրանք:

Այսպիսով, ՀՀ կառավարության, նախարարությունների եւ դատական մարմինների անօրինական գործողությունների եւ որոշումների հետեւանքով խախտվել են մարդու այնպիսի սահմանադրական իրավունքներ, ինչպիսիք են' իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, սեփականության իրավունքը, արդարադատության մատչելիության իրավունքը, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը եւ այլ հիմնարար իրավունքներ: Ոտնահարվել է Սահմանադրության հիմքում ընկած' ժողովրդավարական, իրավական պետության սկզբունքը:

Թեղուտի հանքի շահագործման համար հանքային իրավունքներ տրամադրելիս խախտվել են հետեւյալ իրավական ակտերը'

-  ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ, 11-րդ հոդվածները, 18-րդ հոդվածը, 33.2-րդ հոդվածը.

-  ՀՀ միջազգային պայմանագրեր, այդ թվում'

«Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուսի կոնվենցիա),

«Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիան (Էսպոյի կոնվենցիա),

Ներպետական իրավական ակտեր, այդ թվում'

-  ՀՀ հողային օրենսգրքի  46-րդ հոդվածը, 48-րդ հոդվածը, 48.1 հոդվածը, 76-րդ հոդվածը, 98-րդ հոդվածը.

-  ՀՀ ջրային օրենսգրքի 103-րդ հոդվածը.

-  ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 11-րդ հոդվածը, 28-րդ հոդվածը, 40-րդ հոդվածը.

-  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածը, 5-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը.

-  «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև' «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենք)13-րդ հոդվածը, 14-րդ հոդվածը, 59-րդ հոդվածը, 60-րդ հոդվածը, 76-րդ հոդվածը.

-  «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը.

-  «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը.

- «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանությանու օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը.

Վարչական ակտերի բողոքարկումը իրավասու վարչական մարմիններին.

Դեռեւս 20.06.2008 եւ 12.09.2008 թվականներին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ մի շարք ՀԿ-ների կողմից վիճարկվել է Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության հարցը: 20.06.2008 թվականին վարչապետը բնապահպանության նախարարին հանձնարարել էր քննարկել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ, բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ հաստատելուց հետո կատարել նոր հաշվարկ' փորձագետների հետ կազմակերպելով միջանկյալ քննարկումներ:

Հաջորդ անգամ' 12.09.2008 թվականին վարչապետը ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին հանձնարարել էր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը եւ սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:

Հարկ է նշել, սակայն, որ բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ մինչ այժմ չի սահմանվել, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, կապված հանքարդյունահանման թափոնների հարցի կարգավորման հետ, չեն կատարվել: Թեղուտի հանքավայրի շահագործման' 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի փորձաքննության նյութեր չեն տրամադրվել:

Փոխարենը ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ուղարկվել է անստորագիր մի փաստաթուղթ (որի հեղինակները պարզ չեն), որը վերնագրված է «Տեղեկանք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման դեպքում 25 տարվա ընթացքում տնտեսական վնասի գնահատման վերաբերյալ»: Նշված «փաստաթղթում» վնասը գնահատված է 3.1 մլրդ. դրամի չափով:

Սա վկայում է պետական բարձրաստիճան ղեկավարության կողմից հասարակության նկատմամբ ունեցած անտարբեր վերաբերմունքի եւ խորը արհամարհանքի մասին: Այսպիսի վերաբերմունքը հասարակությանը ստիպում է հիմնախնդիրը բարձրացնել տարբեր միջազգային ատյաններում եւ այս ճանապարհով հասնել իր իրավունքները պաշտպանությանը:

Առաջնորդվելով վերը նշված փաստերով եւ հիմնավորումներով, ինչպես նաեւ  «Հայաստանի կողմից պահանջների կատարման վերաբերյալ թիվ ACCC/C/200943 հաղորդման առնչությամբ համապատասխանության կոմիտեի եզրակազության եւ առաջարկությունների» մասին' Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի արտահայտած իրավական դիրքորոշմամբ եւ առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ եւ 63-րդ հոդվածներով'

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Անհապաղ '

1. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 2001 թվականի փետրվարի 8-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը տրված' Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33 լիցենզիան:

2. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 23.03.2004 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը տրված' Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՎ-Լ-14/90 հատուկ լիցենզիան:

3. Ամբողջությամբ անվավեր ճանաչել 2005 թվականի դեկտեմբերի 29-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը տրված' Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիան:

4. Հաստատել «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին» ՀՀ Կառավարության 01.11.2007 թվականի թիվ 1278-Ն որոշման առոչինչ լինելը:

5. Հաստատել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 03.04.2006 թվականին հաստատված' Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-31 դրական եզրակացության եւ ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 07.11.2006 թվականին հաստատված' Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-135 դրական եզրակացության առոչինչ լինելը:

6. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրվելիք, ինչպես նաեւ այլ միջոցներով ամբողջությամբ վերականգնել անօրինական կարգով տրված վարչական ակտերի հետեւանքով Թեղուտի էկոհամակարգին պատճառված վնասը:

7. Թեղուտի բնառեսուրսային պայմաններին համարժեք կերպով իրականացնել ՀՀ կառավարության «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 01 հոկտեմբերի 2009 թվականի 1222-Ն որոշմամբ սահմանված տարածքի մեջ ներառել Թեղուտ եւ Շնող համայնքները: Գործնական քայլեր ձեռնարկել զբոսաշրջային կենտրոնի ծրագրերի մշակման եւ իրականացման, դրա համար ներդրումների (պետական եւ մասնավոր) չափն ու կարգը սահմանող պլանի մշակման համար:

8. Թեղուտի տարածքի բնառեսուրսային հնարավորություններին համարժեք' մշակել էկոլոգիապես մաքուր տնտեսական զարգացման ծրագրեր:

Աղբյուրը՝ www.hra.am