Նորություններ

Մաշտոցի պուրակը բոլորինս է. կոչ են անում միանալ պայքարին

13.02.2012

Արդեն 3 օր է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամներն իրենց խոսքերով՝ հսկում են Մաշտոցի պուրակը:

«Առավոտից մինչև ուշ գիշեր մենք նստացույց ենք անում, մեր ֆիզիկական ներկայությամբ թույլ չենք տալիս, որ որևիցե աշխատանք տարվի ու ցույց ենք տալիս, որ այգին պատկանում է հանրությանը և հսկվում է հասարակության կողմից»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Նրա խոսքերով՝ իրենց ջանքերով արդեն 3 օր է շինարարություն չի կատարվում: Եղել են փորձեր, որոնք կանխվել են ցուցարարների կողմից:

Մարիամը կրկին հիշեցնում է, որ սա ոչ միայն բնապահպանական խնդիր է, պայքար է ծառերի և մաքուր օդի համար, այլ նաև՝ պայքար է հանրային տարածքի համար:

«Եթե նույնիսկ ոչ մի ճյուղ այս այգուց չկտրվի, միևնույն է... Սա հանրային կանաչ տարածք է և պատկանում է հանրությանը: Մենք չենք ուզում, որ այստեղ բետոններ լինեն, ինչ-որ մեկի օբյեկտը լինի, սա մերն է՝ բոլորինս է: Այստեղ իրավունքի խնդիր է՝ ինչո՞ւ է մի որոշում կայացվում՝ առանց հանրությանը իրազեկելու և մասնակից դարձնելու: Ինչո՞ւ իմ կարծիքը հաշվի չեն առել այստեղ կառուցապատում իրականացնելուց առաջ՝ ցանկացած քաղաքացի իրավունք ունի այս հարցը տալու»,-  նշում է նա:

Նստացույցի մասնակիցները նաև ստորագրահավաք են իրականացնում: Անցորդներից շատերը ստորագրում են և միանում այգու փրկության համար տարվող պայքարին:

«Ո՞ւր են մեր շոուբիզնեսի այն երգիչ-երգչուհիները, ովքեր գովերգում են Երևանը, ինչո՞ւ չեն միանում մեր պայքարին»,- հռետորական հարց է հնչեցնում Մարիամը՝ հավելելով,- «թող գան այստեղ, միասին երգենք»:   

Վաղը «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբի երեք անդամներ հանդիպելու են Երևանի քաղաքապետի հետ և ներկայացնելու իրենց պահանջը: Փետրվարի 12-ին ցուցարարներին է այցելել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով անձամբ զանգահարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հանդիպելու պայմանավորվածություն ձեռքբերել:

Մինչ այդ խմբի անդամները շատ նամակներ են գրել՝ ուղղված քաղաքապետարանին և այդպես էլ չեն ստացել իրենց հարցերի պատասխանը:

«Օրենքի համաձայն իրենք պետք է ցուցանակ տեղադրեին, վրան գրեին՝ ով է կառուցում, ինչ է կառուցում և ինչ նախագծով:  Մենք պահանջում ենք այդ փաստաթղթերը, մեզ ոչինչ չեն տրամադրում»,- ասում է խմբի անդամ Ապրես Զոհրաբյանը:

«Փաստաթղթեր չեն տրամադրվում, որովհետև չկան, և շինարարությունը ապօրինի է»,- եզրակացնում են ցուցարարները:

Մենք ահազանգում ենք, որ ապօրինի շինարարություն է, և մինչև հիմա մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տվել: Անգամ քաղաքապետը զարմացավ, երբ Անահիտ Բախշյանը իրեն ասաց, որ հանրային տարածքի, կանաչ տարածքի վրա է կատարվում շինարարությունը: Այնպիսի տպավորություն է, որ չգիտեն, թե ինչ տարածք է: Գուցե պետք է, որ մարդիկ գա՞ն, տեսնե՞ն՝ ինչ է կատարվում: Այլ բա՞ն են իրենց ներկայացնում, թե՞ ինչ, չեմ հասկանում... Ամեն դեպքում, մենք հատակագիծը վաղը տանելու ենք, որ ցույց տանք, որ սա այգի է: Գուցե չգիտե՞ն, չնայած, կասկածում եմ»,- ասում է Մարիամ Սուխուդյանը:

Նստացույցից բացի նա կարևորում է նաև իրավական ճանապարհով պայքարը: Խմբի անդամները պատրաստ են քաղաքակիրթ երկխոսության և կարծում են, որ խնդիրը անլուծելիներից չէ: «Ուրիշ տեղ չկա՞՝ սկսած գետնանցումից մինչև լքված տարածքներ, թող գնան այնտեղ բնակեցնեն իրենց կրպակները, ոչ թե մեր երեխաների կանաչ տարածքի հաշվին»,- առաջարկում է Մարիամը:

Նա ցույց է տալիս այն ծառերը, որոնք թեև չեն կտրվել, բայց հայտնվել են կրպակների արանքում: Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ դրանք վաղ թե ուշ չորանալու են: «Եթե նույնիսկ չեն կտրում, բայց այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ծառը չորանա, դա հատելուն հավասար է»,- ասում են խմբի անդամները:

Մարիամ Սուխուդյանը շատ է կարևորում իրենց ֆիզիկական ներկայությունն այգում։ «Բանվորները ոստիկանների հետ մոտակայքում տաք-տաք նստում են ու սպասում: Ինչ խոսք, հենց որ մենք այստեղից գնանք, իրենք տարածքը իրենցով են անելու»,-իրենց միանալու կոչ է անում Մարիամը։

Այսօր նստացույցի մասնակիցները կազմակերպել էին Հայկ Բիանջյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Երևանը՝ երեկ, այսօր, վա՞ղը» խորագրով: Նրանք մտահոգված են, որ վաղը Երևանից կմնա միայն նկարներ և հուշեր:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am