Նորություններ

Երթ դեպի նախագահական

14.02.2012

Փետրվարի 14–ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի այգուց մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաև անհատ քաքաղաքացիներ երթով շարժվելու են ՀՀ նախագահի նստավայր' նրան հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովի ընդունած Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագիծը չստորագրելու եւ կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ: Նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված' Օրհուսի կոմիտեի պահանջներին:

Բնապահպանները տարածել են հայտարարություն՝ նշելով, որ իրենց պահանջը չկատարելու պարագայում կհանգեն այն հետեւության, որ Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից եւ ձեռք կառնենք այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ:

ՇՄԱՓ օրինագծի վտանգների հակիրճ նկարագրությունը՝ Թեղուտի խնդրի օրինակով.

Թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ' առանց հասարակական լսումների և փորձաքննության անցկացման - Սա նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել:

Հասարակությունը մեկուսացվել է որոշումների կայացմանը գործնականում մասնակցելու հնարավորությունից - Հակառակ Թեղուտի գործի շրջանակներում Օրհուսի կոմիտեի պահանջի, այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն: Այսինքն, հասարակությունն ըստ էության լիովին մեկուսացված է «որոշումների կայացման» գործընթացից և կարող է ընդամենը կարծիք հայտնել:

Հասարակությանը հնարավորություն չի տրվում բողոքարկելու կայացված որոշումները - Թեև Օրհուսի կոմիտեն հստակ և ընդգծված կերպով սահմանել է, որ շահագրգիռ հասարակությունը (ազդակիր համայնք, բնապահպանական ՀԿ-ներ և այլն) պետք է ունենան բնապահպանական հարցերով դատարան դիմելու իրավունք, այս օրինագիծը չի նախատեսում նման հնարավորություն:

Շրջակա միջավայրին հասցված էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում չի իրականացվելու - Հենց էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկի մեխանիզմի բացակայությունը հնարավորություն ստեղծեծ Թեղուտի հանքի շահագործման համար (Թեղուտում մի հսկայակա տանձենին գնահատվել է ընդամենը 1000 դրամ, Շնող գետը գնահատվել է ընդամենը 175 հազար դրամ եւ այլն):

Մոտ 10 անգամ կրճատվել են հասարակական լսումների և փորձաքննության ժամկետները - Նման մոտեցումը մասնագետին ու փորձագետին զրկում է որակյալ փորձաքննություն անելու հնարավորությունից:

ՇՄԱՓ օրինագիծն ուղղակիորեն վերաբերումա նաեւ քաղաքային այգիներում ու պուրակներում իրականացվող շինարարության հետ: Էդ տարածքներում իրականացվող գործունեության տեսակներն ընդգրկված են չարաբաստիկ «Գ» կատեգորիայի մեջ: Օրինագծի 4-րդ հոդվածից մեջբերում եմգործունեության այն տեսակները, որոնք իրականացվելու են հանրային կանաչ տարածքներում'

1.Զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառպուրակներ կամ պահպանվող տարածքներում հանգստի գոտիներ կամ օբյեկտներ:

2.Քաղաքաշինական կառույցներ' 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով կամ կառույցներ, որոնք նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:

Հիշեցնենք, որ «Գ» կատեգորիայում ընդգրկված գործունեության տեսակները գործնականում հասարակական լսումներ չեն անցնում, դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություն չի տրվում, պետական փորձաքննության չեն ենթարկվում:

ՀՀ նախագահի լուսանկարը՝president.am-ի

Աղբյուրը՝ www.hra.am